տուն Հասարակություն Կրթություն ԵՊԲՀ ուսանողների մոտ 70 %-ը դեմ է հեռավար ուսուցմանը. ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

ԵՊԲՀ ուսանողների մոտ 70 %-ը դեմ է հեռավար ուսուցմանը. ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

1852
0
ԵՊԲՀ

Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիթորինգ կիրականացնի: Իր ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Երևան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ZOOM հարթակի միջոցով 1-3-րդ կուրսեցիների համար իրականացնում են հեռավար ուսուցում: Այս մասին AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: 

«ZOOM հարթակը պետք է մինչև այս շաբաթվա վերջը ուսանողների կողմից գնահատվի՝ տեսնենք արդյունավետությունը: Մի խոսքով, տեսնենք՝ այն նորմալ պրոդուկտ տալիս է, թե ոչ»,- նշեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը:

Շուշան Դանիելյանի խոսքերով, Բժշկական համալսարանը դեռ տարիներ առաջ սկսել է կիրառել տեսադասերի պրակտիկան:

«Անկեղծ ասած, ես ուրիշ բուհերում տեսել եմ, թե ինչպես են արել. ուղղակի դատարկ լսարանում տեսախցիկ են միացնում ու դասախոսը դաս է կարդում: Դա հեռավար ուսուցում չէ: Դա տեսալեկցիա է, որը Բժշկականը ունի դեռև տարիներ առաջ: Պարզապես, այդպես չես կարող հասկանալ՝ ուսանողը մասնակցեց, թե չմասնակցեց, լսեց, թե չլսեց: Մի խոսքով, մենք դասապրոցեսն իրականացնում ենք ZOOM-ով, դասախոսը ներկա-բացակա է անում»,- ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար: 

ZOOM հարթակի կիրառման արդյունավետության գնահատումը տեղի կունենա այս շաբաթ:

«Այսպես ասեմ, եթե ապրիլի 15-ից հետո արտակարգ դրությունը երկարացվի, մենք պետք է ամբողջությամբ անցնենք հեռավար ուսուցման՝ այլընտրանք չունենք: Բայց մենք մեր ուսանողներին մի քանի տարբերակ ենք առաջարկում, որ եթե նրանք չեն ուզում, հետո դասերը լրացնեն. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց ամբողջ կուրսը ստանան»,- ընդգծեց Շուշան Դանիելյանը:

Այսպես թե այնպես, ապրիլի 1-ից Բժշկական համալսարանն ամբողջությամբ անցնելու է հեռավար ուսուցման: Հարցումների արդյունքում ԵՊԲՀ ուսանողների մոտ 70 %-ը դեմ է եղել հեռավար ուսուցմանը:

«Իրենք ասում են՝ երբ մենք պայմանագիր էինք կնքում, դուք չէիք ասում, որ հնարավոր է՝ հեռավար ուսուցման անցնենք: Իրենք ճիշտ են, այդ պատճառով էլ մենք երկու տարբերակ ենք ընտրել: Մենք ապրիլի 1-ից անցնում ենք հեռավարի: Այն ուսանողները, որոնք, այսպես ասած, հեռավարի միտված չեն, իրենց համար խտացված կուրսեր կլինեն: Համալսարանում խտացված դասեր կլինեն հուլիս-օգոստոս ամիսներին»,- նկատեց Շուշան Դանիելյանը:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ նման որոշման միայն իրենց բուհն է եկել:

«Մենք հեռավար ուսուցում կառաջարկենք ապրիլի 1-ից, բայց ովքեր չեն ուզում, ովքեր դեմ են, իրենք հուլիս-օգոստոս ամիսներին դաս կանեն»,- հավելեց Շուշան Դանիելյանը:

Օլյա Շահինյան