Եվրախորհրդարանը այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Բրյուսելում կայացած լիագումար նստաշրջանի շրջանակներում հաստատել է Հայաստանի հետ վիզաների պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիրը։ Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտությամբ կկարողանան ԵՄ երկրներ այցելելու կարճաժամկետ (մինչև 90 օրվա կեցություն, 180 օրվա կտրվածքով) վիզաներ ստանալ։
Վիզա տրամադրելու որոշումը կկայացվի 10 օրվա ընթացքում, իսկ հրատապ դեպքերում վիզան կտրամադրվի 2-3 օրում: Այն կլինի ավելի էժան 35 եվրո՝ նախկին 60-ի փոխարեն: Ուսանողների, պաշտոնական պատվիրակությունների, լրագրողների և գիտնականների համար կրճատվել է պարտադիր ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը։
Դիվանագիտական անձնագիր ունեցող Հայաստանի քաղաքացիները պարտավորված չեն լինի վիզայի դիմում ներկայացնել Եվրամիության երկրներ կարճաժամկետ այցելության դեպքում։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը նմանատիպ համաձայնագիր ունի նաև Վրաստանի հետ, իսկ Ադրբեջանի հետ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: