տուն Աշխարհ Եղիսաբեթ Երկրորդը մտադիր է արագ լուծում տալ հարցին (լուսանկարներ)

Եղիսաբեթ Երկրորդը մտադիր է արագ լուծում տալ հարցին (լուսանկարներ)

740
0

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի նախաձեռնությամբ թագավորական ընտանիքի չորս տների ներկայացուցիչներ կհանդիպեն՝ քննարկելու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրիի և նրա կին Մեգան Մարքլի թագավորական լիազորություններից հրաժարվելու հարցը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մտադիր է հնարավորինս արագ լուծում տալ հարցին՝ ոչ թե շաբաթների, այլ օրերի ընթացքում:

Հնարավոր է, որ քննարկումներին մասնակցեն նաև օտար կառավարությունների ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ՝ Կանադայի և ԱՄՆ-ի, քանի որ Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին, որ պատրաստվում են ապրել հավասարապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Սասեքսի դուքսն ու դքսուհին պաշտոնական լիազորություններից հրաժարվելու հայտարարությամբ հանդես էին եկել հունվարին 9-ին՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդյան օրը: Կարելի է ասել, որ արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի «հայտարարությունը» ստվեր էր գցել արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ ՄԻդլթոնի ծննդյան իրողության վրա: Այնուամենայնիվ, պապարացիները լուսանկարել էին, թե ինչպես են հյուրերը ժամանում Քենինգսթոնի պալատ՝ մասնակցելու դքսուհու 38-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Հրավիրված հյուրերի շարքում է եղել նաև թագուհու երկրորդ որդու՝ արքայազն Էնդրյուի դուստր արքայադուստր Եվգենյան:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին խորհուրդ է տվել նախքան կարևոր հայտարարություններով հանդես գալը խորհրդակցել իր, արքայազն Չարլզի և արքայազն Ուիլյամի հետ, բայց երևում է, որ Սասեքսի դուքսը չի հետևել թագուհու խորհրդին:

Աղբյուրում նշվում է, որ արքայազն Ուիլյամին ու արքայազն Չարլզին արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի թագավորական լիազորությունները դադարեցնելու որոշումը հայտնի է դարձել Սասեքսի դուքսի ու դքսուհու Instagram-ի էջի հրապարակումից 10 րոպե առաջ: