Եղեգնաձորում բնակվող Հարությունյանների ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Երեք անչափահաս երեխաների մայր 32-ամյա Էլմիրա Հարությունյանը պատմում է, որ ընտանիքը հողագործության և անասնապահության հույսով է ապրում եւ երեխաների համար տրամադրվող 32 հազար դրամ նպաստով:
«Ամուսինս պահակ է աշխատել, հիմա էլ չի աշխատում, դուրս է եկել: Մեկ տարի սեզոնային աշխատանքի է մեկնել նաև Ռուսաստան: Շինարարության վրա է աշխատել, բայց խաբել են, գումարը չեն տվել: Խաբելով, աշխատավարձը ուշացնելով աշխատեցրել են: Դանից հետո եկել է Հայաստան ու էլ չի ուզում գնա Ռուսաստան աշխատելու»,-ասում է Էլմիրա Հարությունյանը:
Նա ասում է, որ եթե Եղեգնաձորում աշխատատեղ լինի, մեծ սիրով կմնա ու էլ չի մտածի արտագաղթի մասին:
«Իմ երեխաներին մեծացրել եմ, բոլորը դպրոցական են: Հիմա, որ գործ լիներ կաշխատեի, թեկուզ գործարան լիներ՝ կաշխատեի: Հաստատ պարապ մնալուց լավ է: Սկեսուրս չի աշխատում, եղբայրս չի աշխատում, ամուսինս չի աշխատում, ես չեմ աշխատում: Եղեգնաձորում ամեն մարդ էլ, որ օբյեկտ է բացում, իր մարդկանց, իր ծանոնթերին ու բարեկամներին է տանում»,-ասում է Էլմիրան:
Նրա սկեսուրը՝ Արծվիկ Հարությունյանը ցավով է նշում, որ այսօր երիտասարդների համար աշխատանք չկա:
«Եթե երիտասարդները ամուսնանում են՝ մի հնարավարություն չկա, որ կարողանան իրենց ընտանիքը պահել: Ամեն մարդ իր ծանոթին, բարեկամին է տանում աշխատեցնում, բա ժողովրդի մասին ո՞վ պետք է մտածի: Երեխաներ մեկից ավել չեն կարողանում ունենալ: Ես դեռ թոշակ չեմ ստանում: Արտերկրում 50 տարեկանից են ստանում, մեզ մոտ թոշակի տարիքը բարձրացնում են, բայց չէ որ ես 5 երեխա ունեմ»,-ասում է 59-ամյա Արծվիկ Հարությունյանը, ով ժամանակին աշխատել է Եղեգնաձորի տրիկոտաժի և հացի գործարաններում:
Համեմատելով կյանքը Եղեգնաձորում տարիներ առաջ եւ հիմա՝ տիկին Արծվիկը ասում է, որ շատ է քչացել բնակչությունը:
«Հիմնականում Ռուսաստան են գնում մեր մոտից, տենց տուն չկա, որ մեկը գնացած չլինի: Եթե սենց շարունակվի՝ Հայաստանում էլ մարդ չի մնա: Կգա ժամանակ, որ զինվոր էլ չենք ունենա, որ սահման պահի, որովհետեև սենց գոյատևելը անհնար է: Նույն մարդը արտերկրում, նույն գաղափարներով կարողանում է ապրել, իսկ մեր Հայաստանում չի կարողանում ապրել: Այնտեղ մարդուն մարդու տեղ են դնում, բայց հիմա գիտելիքն էլ հաշվի չեն առնում մեզ մոտ: Ես ինչքան էլ հող եմ մշակում, անասուն եմ պահում, դրանով էլ չեմ կարողանում արդյունքի հասնել ու երեխաներս էլ ձգտում են գնան արտերկիր»,-ասում է տիկին Արծվիկը: