տուն Լուրեր Եթե մեր երկրի ներսում պաշտպանված չենք, թշնամուց ի՞նչ ուզենք. սահմանամերձ գյուղի բնակիչ

Եթե մեր երկրի ներսում պաշտպանված չենք, թշնամուց ի՞նչ ուզենք. սահմանամերձ գյուղի բնակիչ

91
0

մովսես

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում երեխաները հիմնականում նույն զբաղմունքն ունեն: Նրանց առօրյան այնքան էլ հագեցած չէ, ինչպես քաղաքաբնակ իրենց հասակակիցներինը, սակայն դա նրանց այնքան էլ չի մտահոգում, ուզում են միայն, որ խաղաղություն լինի, կարողանան բակում հանգիստ, առանց վախենալու խաղալ: Մովսեսում մեր հանդիպած բոլոր երեխաները գոհ են իրենց մանկությունից, սիրում են իրենց գյուղը: Արտագաղթելու կամ մեկ այլ վայրում ապրելու մասին քչերն են մտածում: Չնայած շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, այնուամենայնիվ, նրանք ամուր թելերով կապված են հարազատ հող ու ջրին:

Գյուղի 10-ամյա բնակչուհի Նելլին անչափ շատ է սիրում իրենց գյուղը: Աղջիկը երազում է դառնալ բժշկուհի ու բուժել համագյուղացիներին:

«Երբ մեծանամ, բժշկուհի եմ դառնալու: Մեր գյուղը շատ եմ սիրում: Իմ բոլոր ընկերներն էստեղ են: Էստեղ իմ մաման ու պապան են: Դառնամ բժշկուհի, բուժելու եմ մեր գյուղի բոլոր հիվանդ մարդկանց»,- ասում է նա:

Խոսելով Մովսեսի բնակիչների հետ՝ հասկացանք, որ իրավիճակն այստեղ այնքան սարսափելի չէ, որքան հաճախ ներկայացվում է: Ի տարբերոթյուն այս տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղերի, Մովսեսը Ադրբեջանի հետ միայն մի կողմից սահման ունի: Այստեղ բնակիչներն ավելի շատ վիրավորված են պետական մարմինների կողմից ուշադրության պակասից: Նրանց հատկապես հուզում է այն, որ իշխանություններն աչք են փակում իրենց համայնքի խնդիրների վրա, փորձում են շրջանցել դրանք:

«Շատ հազվադեպ են էստեղ պաշտոնավորներ գալիս: Եթե մեր երկրի ներսում պաշտպանված չենք, թշնամուց ի՞նչ ուզենք»,-ասում են բնակիչները:

 

Անի Պետրոսյան