ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, այսօր խորհրդարանի նիստի իր ելույթում ասաց, որ քաղաքական համառություն է պետք, որպեսզի այս օրենքը կիրառվի:
«Ես կարծում եմ, որ այդ համառությունը թույլ կտա այս համակարգը գործադրել, որի արդյունքում մենք կունենանք է՛լ ավելի վատ պայմաններ, է՛լ ավելի վատ սոցիալ-տնտեսական վիճակ, ավելի թույլ տնտեսություն եւ է՛լ ավելի անպաշտպան քաղաքացիներ»,- ԱԺ քառօրյայի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քննարկումների ժամանակ ժամանակ նկատեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշում է, որ չի եղել որեւէ դեպք աշխահի ոչ մի երկրում, որտեղ աղքատության նման ցուցանիշների պայմաններում պարտադրվի նման համակարգ:
«Աղքատության 35 տոկոս աղքատության ցուցանիշ նշանակում է, որ բնակչության մեկ միլիոնից ավել մարդ չի ստանում 36 հազար դրամ ամսական եկամուտ: Էդ մարդկանց հնարավոր չի պարտադրել, որ խնայեն, կամ որտեղից խնայեն, ինչ խնայեն: Իսկ դուք, պարոն Երիցյան, երբ որ սկսում եք բացատրել, որ պետք է կարողանալ ընտրել, ապա ասեմ. եթե ծանոթ չեք մեր գյուղի տրակտորիստ Վասիլին, որ 1974-ի հունվարի 1-ից հետո է ծնվել, կարող եմ տանել եւ ձեր բացատրությունով ցույց տալ, թե որքան կարեւոր է ընտրություն կատարել կառավարիչների եւ ֆոնդերի միջեւ»,-խոսքը ՀՀ ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանին ուղղեց պատգամավորը:
Նա նշեց, որ աշխարհի ոչ մի երկրում, իր մանրամասնություններով հանդերձ, չկա այդպիսի մոդել, անգամ Չիլին նման մոդել չի դրել:
«Եվրոպական որեւէ զարգացած երկրում այս մոդելը չկա, ավելին ասեմ, այն երկները, որոնք պարտադիր բաղադրիչը որոշել են կիրառել, ապա կիրառել են զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ սպառվել է հիմնական կենսաթոշակային համակարգի բաեփոխումների մնացած ռեսուրսները կամ կենսամակարդակը եղել է ավելի բարձր»,-ասաց Մինասյանը:
Նա համոզված է, որ օրենքը սոցիալական պաշտպանվածության հետ կապ չունի, այլ ֆինանսական շուկայի համար կատարված բարեփոխումներ են:
«Քաղաքացիները ճկռում են վարկերի տակ, ճկռում են գրավ դնելով: Միջին աշխատավարձ ստացող մարդիկ ավելի մեծ վստահությամբ կկուտակեն, եթե տրվի հնարավարություն կամավոր կուտակային երաշխավորված համակարգի անցնելու»,-ասաց Մինասյանը:
Նա պահանջեց նաեւ «Նասդաքի» վաճառքի պայմանագիրը, որը իշխանության մեկնաբանմամբ առեւտրային գաղտնիք է համարվում, ներկայացնել ԱԺ-ին:
«Այսինքն ՀՀ սեփականությունը հանդիսացող ՀՀ ֆոնդային բորսայի եւ ՀՀ կենտրոնական դեպոզիտային բաժնետոմսերը ծախում եք երրորդ կազմակերպության, օրենսդիր բարձրագույն ներկայացուցչական մարմնի պատգամավորներին ասում եք առեւտրային գաղտնիք է: Ոնց եղավ, որ դուք էդ առեւտրային գաղտնիքին տիրապետում եք, իսկ ժողովրդի ներկայացուցիչն իրավունք չունի տիրապետի: Դուք հիմա ակնհայտորեն խախտում եք նաեւ օրենքի պահանջը»,-հավելեց Մինասյանը:
Լիլիթ Առաքելյան