ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները:
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին հարցրեց. «Տիկին Սամսոնյան, Դուք օրենքի հիմնավորումների մեջ նշել եք, որ ներկայիս կարգավորումներով կոռուպցիոն դրսևորումները չեն բացառվում: Հիմա, եթե Ձեր օրինագիծը ընդունվեց, ուզում եմ ավելի պրակտիկ օրինակով, ավելի պրակտիկ բացատրությամբ ասեք. այդ կոռուպցիոն դրսևորումներն ինչպե՞ս են բացառվելու: Եթե խոսքը միայն թափացինկության մասին է, նախորդ օրինագիծը թափանցիկության հարցը լուծում էր: Հիմա բերելու են այդ կամազը ավագանու որոշմամբ հաստատեն: Ի՞նչն է այդտեղ փոխվելու`կասե՞ք»:
«Երբ մենք լուծում ենք միայն թափանցիկության հարց, պարոն Թունյան, դա բավարար չէ, որպեսզի ավագանին ամբողջությամբ կատարի իր գործառույթը: Թափանցիկության հարցը լուծվում է պոստֆակտում. գործարքը կնքվում է, և ավագանին տեղեկանում է: Եվ պարզապես կբարձրանա ընդամենը աղմուկ: Երբ նախագիծը գալիս է ավագանու հաստատման, որից հետո նոր պիտի կնքվի, այստեղ ավագանին, որպես վերահսկող ինստիտուտ, հարցեր է տալիս համայնքի ղեկավարին: Օրինակ` ի՞նչ համայնքային ծառայություններ են մատուցվելու»:
Անի Սամսոնյանը հավելեց, որ եթե ավագանին տեսնում է, որ այդտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, կարող է չհաստատել որոշմամբ, և այդ գործարքը կարող է չկնքվել։
Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ՝ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։