Այսօր` ապրիլի 6-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը:
Թեմա՝ արտաքին տնտեսական գործունեության սահմանափակումների և բեռնաշրջանառության վերաբերյալ թարմացում:
Վարոս Սիմոնյանը ներածական խոսքում ներկայացրեց թեմայի առնչությամբ վերջին թարմացումները:
Նախ խոսվեց կարոնավիրուսով պայմանավորված՝ դեղորայքների հետ կապված՝ ԵԱՏՄ-ի մաքսային տուրքերի զրոյացման մասին: Մաքսային տուրքից ազատված ապրանքների ցանկը վերաբերում է բժշկական նշանակություն ունեցող ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ օգտագործվող նյութերին:
Տնտեսվարողը պետք է դիմում գրի առողջապահության նախարարություն: Նախարարությունից թույլտվություն ստանալու դեպքում տնտեսվարողը կարող է ներմուծել ապրանքը՝ զրոյական տուրքի գանձումով: Այս ամենը կգործի վեց ամիս` մինչև սեպտեմբեր:
Վարոս Սիմոնյանը նաև խոսեց մեկ այլ որոշման մասին. մարտի 30-ին ԵԱՏՄ տնտեսական կոմիտեի որոշումն է, որով երեք ամսով արգելվում է որոշ ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներից: Խոսքը պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Սահմանափակումը գործում է ԵԱՏՄ տարածքում: Արգելքը չի տարածվում հումանիտար նշանակության ապրանքների վրա:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրեց նաև ԵԱՏՄ կոմիտեի երրորդ որոշումը՝ զգայուն ապրանքների մասին, որոնց ներկրման համար ապրիլի 3-ից կրկին տուրքային պատասխանատվության չեն ենթարկվի: Խոսքը կարտոֆիլ, գազար և նման տիպի ապրանքների մասին է:
Հայկ Մագոյան