Մարտի 16-ին նշանակված հանրաքվեն, որի ժամանակ ղրիմցիները պետք է որոշեն՝ մնալ Ուկրաինայի կազմում, թե միանալ Ռուսաստանին, անօրինական է որակվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Որպեսզի ցանկացած հանրաքվե, որը վերաբերում է Ղրիմի ինքնավարությանը կամ ինքնիշխանությանը, համարվի օրինական, այն պետք է համապատասխանի Ուկրաինայի Սահմանադրությանը և համապատասխանի միջազգգային նորմերին», — նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։
ԵԱՀԿ-ում նաև մերժել են Ղրիմի հրավերը՝ դիտարկելու ընտրությունները, քանի որ Ղրիմը այդ կազմակերպության անդամ չէ, իսկ հրավերը պետք է ստացվի կազմակերպության անդամ երկրից։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵԱՀԿ դիտորդները փորձել են մուտք գործել Ղրիմի տարածք՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել ինքնավար հանրապետություն։