Հայ ժողովրդի թվաքանակի վերաբերյալ քիչ թե շատ արժանահավատ տվյալները վերաբերում են մ.թ.ա. առաջին դարի կեսերին` Տիգրան Մեծի գահակալության տարիներին: Հայ մատենագրությունը հավաստում է, որ բուն պատմական Հայաստանի տարածքում ապրող հայերի թվաքանակը կազմում էր մոտավորապես 5-6 միլիոն մարդ:
Արևելյան Հայաստանի բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջին ժողովրդագրական տվյալները վերաբերում են 1828թվականին: Մոտավոր գնահատումներով` Ռուսաստանի կազմի մեջ մտած հայկական տարածքների` Երևանի և Նախիջևանի խանությունների բնակչությունը կազմել է 160 հազար մարդ:
1897թ. անցկացվեց ռուսական կայսրության առաջին և միակ համընդհանուր մարդահամարը: Այն ընդգրկեց նաև Հայաստանի այն տարածքը, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ, սակայն, ինչպես ռուսական ամբողջ կայսրության սահմաններում, այնպես էլ բուն հայկական տարածքներում բնակվող հայերի թվաքանակի վերաբերյալ սպառիչ տեղեկություններ չարձանագրվեցին: Երևանի նահանգին վերաբերող տվյալների համաձայն` նրա տարածքում ապրում էր 900 000 մարդ:
Հայաստանում առաջին մարդահամարն անցկացվել է 1926թ.` ընդգրկելով խորհրդային Հայաստանի ամբողջ տարածքը։ 1926թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել էր 881 290 մարդ:
Հաջորդ մարդահամարն անցկացվել է 1937 թվականին: Սովի և ստալինյան բռնարարքների հետևանքով զոհված, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարներում գտնվող միլիոնավոր մարդկանց հաշվառումը քողարկելու նպատակով մարդահամարի տվյալները խեղաթյուրված ու կեղծված էին, ուստի դրանք չեն մշակվել ու ամփոփվել:
1939թ. անցկացվեց հաջորդ մարդահամարը, որի ժամանակ առաջին անգամ հատուկ մեթոդաբանությամբ կիրառվեց նաև բնակչության հաշվառման ճշգրտության ու ամբողջականության հետմարդահամարային վերահսկողությունը: Այս մարդահամարի ժամանակ, բացի առկա բնակչությունից (տվյալ տարածքում սովորաբար բնակվող և հաշվառման պահին ներկա), հաշվառվեց նաև մշտական բնակչությունը (ներառում է նաև սովորաբար բնակվող, բայց` հաշվառման պահին ժամանակավորապես բացակա մարդկանց):
1939թ. հունվարի 17-ի դրությամբ՝ Հայաստանում առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել էր 1 մլն 282 հազար 338 մարդ:
1959թ. հունվարին անցկացվեց հաջորդ մարդահամարը, ըստ որի՝ Հայաստանում առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել էր 1 մլն 763 հազար մարդ, իսկ մշտական բնակչությանը` 1 մլն 765 հազար մարդ:
Հաջորդը 1970թ. մարդահամարն էր: 1970թ. հունվարի 15-ի դրությամբ Հայաստանում առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել էր 2 մլն 491 հազար 873 մարդ, իսկ մշտականը` 2 մլն 492 հազար 616 մարդ:
Հաջորդ մարդահամարն անցկացվեց 1979թ. հունվարին։ 1979թ. հունվարի 17-ի դրությամբ Հայաստանում առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել էր 3 մլն 30 հազար 747, իսկ մշտականը` 3 մլն 37 հազար 259 մարդ:
1989թ. անցկացվեց նախկին Խորհրդային Միության վերջին մարդահամարը: Այն անցկացվեց 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժից ընդամենը մեկ ամիս անց` բնակչության հսկայական զանգվածների տեղաշարժի և ղարաբաղյան հակամարտության հետևանքով հանրապետությունում ստեղծված քաղաքական և տնտեսական անկայունության պայմաններում: 1990թ. մայիսին տպագրվեցին նյութերի մշակված արդյունքները, այնուամենայնիվ, հատկապես փախստականների և տեղահանվածների վերաբերյալ տեղեկատվության միջհանրապետական հաշվառման և փոխանակման մեթոդաբանական անհամապատասխանության հետևանքով, 1989թ. մարդահամարի արդյունքները շատ շուտ կորցրեցին իրենց արդիականությունը: 1989թ. հունվարի 12-ի դրությամբ՝ Հայաստանում առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել էր 3 մլն 287 հազար 677, իսկ մշտականինը` 3 մլն 304 հազար 776 մարդ, սակայն մարդահամարի անցկացման օրերին ավելի քան 160 հազար մարդ տեղահանվել էին հանրապետության սահմաններից դուրս, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր չեղավ ամբողջությամբ ներառել հանրապետության առկա բնակչության ցուցանիշում, իսկ դրանց կեսից ավելին` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշում, քանի որ, ըստ ԽՍՀՄ վիճպետկոմի կողմից սահմանված մեթոդաբանության, նրանց վերաբերյալ չստացվեցին մարդահամարի հարցաթերթի երկրորդ օրինակները: Այդ ամենը զգալիորեն անդրադարձան մարդահամարի արդյունքների վրա, և մարդահամարի արդյունքով ստացված բնակչության թվաքանակի ցուցանիշները, ցավոք, չարտացոլեցին դրանց իրական պատկերը և չօգտագործվեցին որպես ընթացիկ հաշվառման հիմք:
Անկախությունից հետո առաջին ազգային մարդահամարը Հայաստանի Հանրապետությունում անց է կացվել 2001թ.՝ հոկտեմբերի 10-19-ը ներառյալ: 2001թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում առկա բնակչության ցուցանիշը կազմել էր 3 մլն 2 հազար 594 մարդ, իսկ մշտականինը` 3 մլն 213 հազար 11 մարդ:
Վերջին` 2011թ անցկացված մարդահամարի վերջնական արդյունքները հրապարակվեցին վերջերս: Ըստ այդմ` առկա բնակչության թիվը 2011-ին կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ, իսկ մշտական բնակչության թիվը` 3 մլն 18 հազար 854 մարդ:
Հայկ Մանուկյան