տուն ժամանց Ե՞րբ է այս տարի Սուրբ Սարգսի տոնը

Ե՞րբ է այս տարի Սուրբ Սարգսի տոնը

1306
0

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի փետրվարի 8-ին: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Տոնի մասին

Ավանդությունը պատմում է, որ Սարգիսը հռոմեացի զորավար էր, որ ապրել է չորրորդ դարում: Դառնալով քրիստոնյա` նա սկսում է քարոզել քրիստոնեություն: Սակայն գահ բարձրացած Հուլիանոս Ուրացող կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին:
Սարգիսը ստիպված տեղափոխվում է Հայաստան: Հայոց Տիրան թագավորը նրան խորհուրդ է տալիս գնալ Պարսկաստան: Պարսից Շապուհ արքան սկզբում լավ է վերաբերվում Սարգսին: Վերջինս օգնում է նրան Պարսկաստանի թշնամիների դեմ կռիվների ժամանակ: Սակայն երբ Շապուհը իմանում է, որ նա քրիստոնյա է, պահանջում է ուրանալ քրիստոնեությունը և պաշտել կրակը: Սարգիսը հրաժարվում է: Զայրացած Շապուհը հրամայում է սպանել նրան:
Հետագայում Մեսրոպ Մաշտոցը Սարգիս զորավարի աճյունից մի մասունք տեղափոխում է Հայաստան` Կարբի (Աշտարակի մոտ), և այստեղ կառուցում մեծ եկեղեցի:
Սուրբ Սարգսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:
Տոնի նախօրյակին`ուրբաթ երեկոյան, տների դռների մոտ կամ տանիքին սկուտեղով ալյուրից պատրաստված փոխինդ էին դնում:
Ժողովուրդը հավատում էր, որ այդ երեկո Սարգիս զորավարն իր ձիով անցնում է տների տանիքների վրայով: Ուրախություն և հաջողություն էր սպասվում այն տանը, որի տանիքին դրված փոխինդին կդրոշմվեր Սարգիս զորավարի ձիու պայտը:
Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն այս փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն: