տուն Քաղաքական Դրվեց պարտության հերթական «պծիչկան»

Դրվեց պարտության հերթական «պծիչկան»

234
0

elections-usa-2008

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցան հերթական անարդար և անազատ ընտրությունները, այս անգամ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որին ընդդիմությունից մասնակցում էր միայն «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը։ Ժառանգության հայտարարության մեջ ընտրությունները որակվել են որպես անարդար և անազատ։ Իսկ միթե՞ այլ բան էր սպասվում, մի՞թե հույս կար, որ ընտրությունները Հայաստանում, այն էլ Սյունիքում, կարող են լինել ազատ և թափանցիկ։ Իհարկե՛ ոչ։ Եվ նույնիսկ ժառանգությունն էլ իր հայտարարության մեջ խոստովանում է այս հանգամանքը, այնուամենայնիվ ավելացնելով, որ մասնակցային քաղաքականության կողմնակից է։ Ի՞նչ է նշանակում մասնակցային քաղաքականություն, ինչպե՞ս կարող է նման համակարգում լինել մասնակցային քաղաքականություն։ ՀՀ-ում մասնակցային քաղաքականություն վարելը նշանակում է ընդդամենը մասնակցել նույն ներկայացման հերթական բեմականացմանը, և այս անգամ «Ազատ ընտրությունների անվան» պետական դրամատիկական թատրոնը մեկնել էր Սյունիք։

Մասնակցությունը արդարացվում է ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին այլընտրանքի ապահովմամբ։ Իսկ ինչ է տալիս այդ այլընտրանքը՝ ինքնաբավությո՞ւն։ Ընդամենը հանրության մեջ առկա լիցքերի վատնում է, և այս պարագայում դա օգտակար է այդ նույն իշխանություններին։ Ցանկանում էին ունենալ մասնակցային ընտրություններում ընտրված պատգամավոր՝ ունեցան։

Եթե նախագահական ընտրությունների դեպքում կարելի է ինչ-որ ձևով ընկալել մասնակցությունը այն պատճառաբանությամբ, որ միայն այդ շրջանում է հանրությունը ակտիվանում՝ փոփոխությունների ամբողջ հույսը կապելով նախագահական աթոռը վերցնելու հետ, ապա այս դեպքում այդ արգումենտը նույնպես բացակայում է։ Ժառանգությունը ճիշտ է նկատել, որ այս իրավիճակում փոփոխություններ բերելու պոտենցիալ առկա է դիմադրության տարբեր օջախների մեջ, բայց ցավալիորեն չի ֆիքսել այն փաստը, որ մասնակցելով ընտրություններին և հերթական անգամ պարտություն գրանցելով՝ նվազեցնում է այդ նույն դիմադրության օջախների ի հայտ գալու հավանականությունը։

Ինչևէ, բոլոր ընտրությունների համար տրվող ստանդարտ գնահատականի տեքստը հրապարակված է, պարտության հերթական «պծիչկան»՝ դրված։

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here