Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդ Դիդիե Դրոգբան, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է վերադառնալ լոնդոնյան «Չելսի»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
36-ամյա հարձակվողն արդեն 2-տարվա բավական շահավետ պայմանագրի առաջարկ էր ստացել իտալական «Յուվենտուսից», սակայն կարող է նախընտրել «ազնվականներին», քանի որ առանձնահատուկ հարաբերություններ ունի լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ուշագրավ է, որ աֆրիկացի ֆուտբոլիստին առաջարկվելու է խաղացող մարզչի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Դրոգբան «Չելսիում» հանդես է եկել 2004-12թթ.-ին: Այդ ընթացքում նա անցկացրել է 337 հանդիպում ու դարձել 155 գոլի հեղինակ: Լոնդոնցիների կազմում հարձակվողը 12 մրցանակ է նվաճել: