տուն Քաղաքական Վերլուծական Դրամի ծնունդն ու թաղումը. ռուբլու գոտին սարերի հետևում չէ

Դրամի ծնունդն ու թաղումը. ռուբլու գոտին սարերի հետևում չէ

336
0

Երեկ մեծ շուքով նշվեց մեր ազգային արժույթի` դրամի ծննդյան 20-ամյակը: Վարչապետը պարգևներ հանձնեց նախկին ու ներկա մի շարք պատասխանատուների, Կենտրոնական բանկը մի քանի միջոցառում կազմակերպեց (այդ թվում` կլոր սեղան քննարկում) և այլն: «Այսօր մենք հպարտությամբ ենք նայում  ազգային արժույթի և ֆինանսական համակարգի կերտած դժվար, բայց բովանդակությամբ հարուստ ուղուն»,- ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Եվ, իսկապես, մեր դրամն ու բանկային կարգավորման և վերահսկողության համակարգը կարելի է համարել ԱՊՀ երկրներից լավագույնը և եվրոպական ստանդարտներին ամենամոտ գտնվողը: Ու սա հպարտության տեղ թողնում է: Օրինակ` 2 օր առաջ Ռուսաստանում տրաքեց հերթական բանկը, որը տարիներ շարունակ բոլորի աչքի առաջ հանցավոր ճանապարհով ստացված գումարներ էր «լվանում»: ՌԴ Կենտրոնական բանկը հետ վերցրեց Мастер-банк-ի լիցենզիան` վերջինիս իրականացրած կասկածելի գործարքների ծավալը գնահատելով 6 մլրդ դոլար: Այսօր` 21-րդ դարում, Ռուսաստանում մի հաշվից մյուսը փող փոխանցելը շաբաթներ կարող է տևել (Հայաստանում` առավելագունը 1 օր, Եվրոպայում` 2 րոպե):

Սակայն Մաքսային միություն մտնելով և մեր ստանդարտները ռուսականին համապատասխանեցնելով` մենք մեր` Արևմուտքին դեռևս չինտեգրված, բայց կայուն ֆինանսական համակարգը (2001 թ. հետո Հայաստանում ոչ մի բանկ չի սնանկացել) սարքելու ենք այն «բարդակը», որն այսօր կա Ռուսաստանում: Ավելին, Հայաստանի տնտեսության հերը վերջնականապես անիծելը ամբողջական դարձնելու համար մեզ կմտցնեն ռուբլու գոտի: Այսպես, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ընդունած «Հայտարարություն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին» (Декларация о евразийской экономической интеграции) փաստաթղթի մեջ արձանագրված է, որ կողմերը խորացնելու են համագործակցությունը արժութային ոլորտում (углубление сотрудничества в валютной сфере):

Ավելի ուշ ընդունված «Եվրասիական տնտեսական միության ձևավորման հայտարարություն» (Декларация о формировании Евразийского экономического союза) փաստաթղթում արդեն հստակեցված է, որ մտադրություն կա ստեղծել միասնական արժույթ (движение к валютному союзу): Ճիշտ է, այդ ձևակերպման կողքին գրված էր, որ առաջարկը Ռուսաստանինն է, Ղազախստանը դեմ է, սակայն, ի վերջո, Ղազախստանը ևս համաձայնեց միասնական արժույթի գաղափարին, երբ այդ երկրի Կենտրոնական բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն 2012 թ. հայտարարեց, թե 10 տարի հետո կարող է անցում կատարվել միասնական արժույթի:

Ավելին` նախատեսվում է ստեղծել արժութային հարցերի կարգավորմամբ զբաղվող վերպետական մարմին՝ комиссия по вводу расчетной денежной единицы (переводной рубль): Ռուսաստանը, այնուամենայնիվ, պնդում է, որ շահագրգռված է միասնական արժույթի ստեղծմամբ շատ ավելի շուտ՝  2015 թվականին:

Եվրամիության նման կառույցը, որի հիմքերը դրվեցին  նախորդ դարի 40-ականներին, միասնական արժույթի անցավ 2000 թվականին: Ընդ որում` մինչ այժմ ԵՄ 28 անդամ պետություններից 17-ն են եվրոյի գոտում: Սա շատ տրամաբանական է. համեմատաբար թույլ զարգացած երկրները տուժում են, երբ զրկվում են ինքնուրույն արժութային քաղաքականություն վարելու հնարավորությունից: Եվ եթե իսկապես մենք մտնենք Մաքսային միություն, ու ռուբլու գոտի ստեղծվի, մեր` առանց այդ էլ թույլ տնտեսությունը վերջնականապես կոչնչանա:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here