Նոյեմբերի 5-7-ը Երևանում անցկացվում էր Աղետների ռիսկի կառավարման ենթատարածաշրջանային աշխատաժողով: Այն կազմակերպվել էր Եվրամիության «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացվեցին զեկույցներ հետևյալ թեմաներով՝ աղետները որպես զարգացման մարտահրավեր, տարբեր երկրներում ԱՌՆ պլատֆորմների աշխատանքը, կլիմայի փոփոխությունը և աղետների ռիսկի նվազեցումը, երկրատեղեկատվական համակարգեր, գլոբալ և տեղական ռիսկեր, ԶԼՄ-ների դերը և այլն:
Աշխատաժողովի արդյունքներն ամփոփեց «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում արձագանք և պատրաստվածություն» ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին.
— Մենք ծրագրել էինք այս աշխատաժողովը, որպեսզի պարզենք ծրագրում ներառված երկրների կարողություններն ու մոտեցումները՝ կապված աղետներին պատրաստվածության և կանխարգելման հետ: Մենք լավատեղյակ ենք Հայաստանում ստեղծված Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմին, Բելառուսը ևս հայտարարել է նման կառույց հիմնելու մասին: Այս հանդիպումը տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների փորձագետների համար շփման լավ հնարավորություն էր՝ ծանոթանալու միմյանց հնարավորություններին, կիսվելու ունեցած օգտակար փորձով ու գիտելիքով: Այդ նպատակով մենք այստեղ էինք հրավիրել մեր գործընկեր ՄԱԿ-ի Աղետների ռիսկի միջազգային ռազմավարության, Իտալիայի քաղպաշտպանության դեպարտամենտի ԱՌՆ ազգային պլատֆորմի ներկայացուցիչներին և Վրաստանում Հյոգոյի գործողությունների ծրագրի համակարգողին: Տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ նշված փորձագետների հետ: Ընդհանրապես, մեր ծրագրի բոլոր ուղղությունները փոխկապակցված են, մի կողմից աշխատում ենք կանխարգելման ու պլանավորման, մյուս կողմից՝ տեղական արձագանքող կառույցների կարողությունների զարգացման ուղղությամբ: