տուն Լուրեր Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս. Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանի աղմկահարույց տան...

Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս. Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանի աղմկահարույց տան վերաբերյալ

331
0

1367496230_nikol-pashinyan2

 

Ազգային ժողովում այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բարձրացրել է ՎՊ նախկին նախագահ և այս պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից նորից առաջադրված Իշխան Զաքարյանի առանձնատան հարցը:

«Ես հարց եմ տալիս, որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան կարողություն: Հարցին պատասխանում է Սերժ Սարգսյանը: Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին ու ասում՝  պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի Վերահսկիչ պալատի նախագահի մասին: Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, դա նշանակում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կարծիք չի հայտնի»,- ասել է Փաշինյանը:

Նա բարձրաձայնել է, որ մի քանի անգամ է բարձրացրել առանձնատան հարցը, սակայն հստակ պատասխան չի ստացել: «Ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն»:

«Առանձնատան մասին դուք երկու անգամ հարցրել եք, ես պատասխանել եմ, և ոչ միայն ես: Այդ անձնավորությունը դեռևս երեք տարի առաջ Իրավունք թերթում… Ես չեմ կարծում, որ սա այն ամբիոնն է, որտեղ կարելի է գալ եւ ամեն ինչի մասին խոսել: Ես կարող եմ ցանկացած փաստաթուղթ ներկայացնել»,- արդարացել է Իշխան Զաքարյանը:

Փաշինյանն ի պատասխան Իշխան Զաքարյանի արձագանքել է. «Ես ինչո՞ւ պետք է ձեզանից փաստաթուղթ ուզեմ, ես հարցը տալիս եմ, որ հանրությունը իմանա, ունեք ասելիք՝ ասեք, թող հանրությունն իմանա: Իշխան Զաքարյանը չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն արժողությամբ տունը: Ցրում է, թեման փոխում, պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ, որպես Վերահսկիչ պալատի նախագահ, դուք պետք է պատասխանեք: Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել: Մեխանզիմը բացատրեք, թող բոլոր անտուն ՀՀ քաղաքացիներն իմանան ի՞նչ անել, որ միջազգային ներդրողները գան ու իրենց տան հարցերը լուծեն»,- հեգնանքով նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը, ԱԺ դահլիճում նստած բոլոր միլիարդատերերը թող հանրությանը բացատրեն, թե ո՞նց կարելի է մի քանի տարում դառնալ միլիարդատեր: «Ինչո՞ւ եք թաքցնում, ասեք, թող բոլորը հարստանան, թե՞ մենակ դուք եք ուզում հարստանալ»,- իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here