Դեռևս հոկտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցվել։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։
Լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ լրատվականից, դարձյալ անուն չնշելով, հայտնել են հետևյալը․ «Քննության փուլում է, քննչական ու դատավարական գործողություններ են կատարվում»։
Կանչե՞լ են երգչուհուն հարցաքննության, թե՞ ոչ, ՊԵԿ-ից պատասխանել են՝ այո, եկել է և հարցաքննվել։
Araratnews.am-ը կապ հաստատեց երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի պրոդյուսեր և ամուսին Վահրամ Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք խոսքը Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։
Պետրոսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին ենք հարցնում։
Մեր դիտարկմանը, թե ՊԵԿ-ը հաստատել է, որ երգչուհին հարցաքննվել է, պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։ Հիմա ինտերվյո՞ւ եք ինձանից վերցնում։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին»։
Այսինքն՝ տեղյակ չե՞ք՝ Լիլիթ Հովհաննիսյանին կանչել են հարցաքննության, թե ոչ։
«Դուք հիմա ինձ հարցաքննո՞ւմ եք։ Ես հիմա շատ զբաղված եմ»,- արձագանքեց նա։
Մենք պարզապես ակնկալում ենք այո կամ ոչ պատասխան․ «Ես չեմ կարող չիմացած բանի մասին խոսել»,- եզրափակեց երգչուհու ամուսինը։