տուն Քաղաքական «Դուք գողակա՞ն եք, Արծրուն Միրզոյան, թե՞ դատավոր». երկրորդ անգամ մերժել են «Բարև...

«Դուք գողակա՞ն եք, Արծրուն Միրզոյան, թե՞ դատավոր». երկրորդ անգամ մերժել են «Բարև Երևան» դաշինքին

393
0
Հայաստանի արդարադատությունը սպանվել է, փոխարենն իր դիրքերն է ամրապնդել հեռախոսային արդարադատությունը. վարչական դատարանն երկրորդ անգամ վերադարձրել է «Բարև Երևան» դաշինքի տրանսպորտի վարձավճարի բարձրացման դեմ հայցը:

Իսկ հայցադիմումում ներկայացված էին տասից ավելի խախտումներ, որոնք եղել են Երևանի քաղաքապետարանի որոշման հիմքում: Մասնավորապես` քաղաքային իշխանության ղեկավարն առաջնորդվել է բացառապես ուղևորափոխադրողների շահերով, թանկացման ակտը տարածել է ավելի քան 100 տրանսպորտային միջոցի վրա, մինչդեռ համապատասխան պահանջ ներկայացվել էր միայն 48-ի մասով: Ավելին` Երևանի քաղաքապետն իրեն տրոլեյբուսի վարձավճարը բարձրացնելու իրավունք է վերապահել, որն օրենքը թույլ չի տալիս:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Բարև Երևան» դաշինքի անդամները: Հիշեցնենք, որ խմբակցությունն իր առաջին հայցը` Անահիտ Բախշյանի անվամբ մուտքագրված, վարչական դատարան էր ուղարկել օգոստոսի 7-ին, որն ինչպես և երկրորդը շատ անհեթեթ պատճառաբանություններով է վերադարձվել։

«Դատավորը մեզ երեք պահանջ էր ներկայացրել: Նախ` նա կասկած է հայտնում, թե երկու ընկալում ունի՝ Անահիտ Բախշյանը մե՞զ է ներկայացնում, թե՞ խմբակցությունը: Նա պահանջել է մի փաստաթուղթ, որով կերևա, որ Բախշյանը խոսում է ողջ խմբակցության անունից: Երկրորդով նա ասում է, թե մենք ոչ իրավաբանական և ոչ էլ ֆիզիկական անձ ենք, ուստի կարող է տուրքից խուսափենք և երրորդով մեզանից պահանջվում էր առանձնացնել տրոլեյբուսների հետ կապված հայցը միկրոավտոբուսների, ավտոբուսների հայցից: Երեք պահանջն էլ ապօրինի էր, բայց մենք կատարել ենք: Էնքան թուղթ ենք կցել. Երևանի քաղաքապետի որոշումները, մեր վկայականների, անձնագրերի պատճենները, որպեսզի հանկարծ չասեն, թե կարող է դուք վեցը չեք, յոթն եք, ամեն ինչ ներկայացվել է։ Վճարել ենք նաև տուրքերը: Բայց այս ամենից հետո երկրորդ հայցադիմումը դարձյալ վերադարձվում է` նույն ցինիզմով: Այստեղ պահանջներից մեկը ֆուկ է արվել, փոխարենը դատավորն ասում է` ներկայացրեք, թե ո՞ւմ համար եք բողոքարկում, ո՞ւմ շահով եք առաջնորդվում, կոպիտ ասած՝ ձեր քյարը ո՞րն է:Պատկերացնո՞ւմ եք չորս էջ դատավորը գրել է, թե ո՞ւմ շահն եք ներկայացնում, այն դեպքում, երբ օրենքը չի պարտադրում ամեն անգամ նամակ գրել դատավորին, թե ես ի՞նչ փորացավ ունեմ կամ ո՞ւմ շահն եմ ներկայացնում: Այս դրածոները նման ձևով թքում են քաղաքացիների երեսին, նման կատարածոներն ուղղակի քշում են մեզ մեր երկրից: Ավելի լավ է տղամարդավարի ասի, որ Սերժ Սարգսյանը զանգել է և հրամայել, որ մերժի: Այստեղ պիտի հիշեմ Վովա Գասպարյանի խոսքը` դուք գողակա՞ն եք, Արծրուն Միրզոյան, թե՞ դատավոր»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը:

Վերջինը վստահեցրեց, որ Արծրուն Միրզոյանի հարցը բարձրացնելու է արդարադատության խորհրդում` պահանջելով զրկել նրան դատավորի լիազորություններից, եթե արդարադատության խորհուրդը մերժի, ապա Սաֆարյանի խոսքով` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է պատասխանատվություն կրելու` կատարված ապօրինության համար:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուրում :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here