Պատասխանատվության հարցը այսօր կարծես թիվ մեկ օրակարգային հարցն է։ Սրա մասին են խոսում թե՛ քաղաքացիական խմբերը, թե՛ կուսակցությունները և թե՛ քաղաքացիական հանրության մյուս սուբյեկտները։ Այս հարցը բարձրացվում է տարբեր մակարդակներում՝ միջին օղակի չինովնիկներից մինչև Սերժ Սարգսյան։ Սակայն այս ճանապարհին կարևոր է ոչ միայն պատասխանատվության հարցի բարձրաձայնումը և պայքարը դրա համար, այլ նաև սեփական պատասխանատվության գիտակցումը։ Եթե չկա այս ամենը, ապա կորչում է նաև պայքարի իմաստը։
Արդյոք քաղաքացիական խմբերը, անհատ քաղաքացիները պատասխանատվություն կրո՞ւմ են այն իրավիճակի համար, որում ներկայումս գտնվում ենք։ Բնականաբար պետք է կրեն՝ ինչպես իրենց հանցավոր լռության, իներտության, այնպես էլ գործելու պարագայում սկսած գործը տրամաբանական ավարտին չհասցնելու համար։ Դեռևս 1-2 տարի առաջ սկսեց բարձրացվել կուսակցությունների պատասխանատվության հարցը՝ որոնք մասնակցելով ընտրություններին, փաստացի լեգիտիմացնում էին կեղծված ընտրությունները։ Ներկայում, կապված քաղաքացիական շարժումների դերի բարձրացման հետ, կարևոր է որպես պատասխանատվության սուբյեկտ թիրախավորել նաև քաղաքացիական խմբերին, անհատներին։
Մաշտոցի պուրակի հարցը չհասավ իր տրամաբանական ավարտին՝ ոչ ոք այդ որոշման համար չենթարկվեց պատասխանատվության։ Պատասխանատու ե՞ն սրա համար Մաշտոցի պուրակի պայքարի մասնակիցները։ Այո՛, պատասխանատու են, կարող են լինել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, բայց դրանից փոխվում է միայն պատասխանատվության աստիճանը։ Եթե այն ժամանակ Տարոն Մարգարյանը և իր ենթակաները ենթարկվեին պատասխանատվության, ապա այսօր միգուցե չունենայինք տրանսպորտի թանկացում, համենայնդեպս, Տարոն Մարգարյանը նման որոշում կայացնելուց առաջ մի փոքր երկար կմտածեր։
Պատասխանատու ե՞ն արդյոք Հարսնաքարի միջադեպից հետո սկսված հանրային լայն ընդվզման մասնակիցները այսօրվա գրեթե տապալված պայքարի համար՝ այո՛, պատասխանատու են։ Եվ գործը ավարտին հասցնելու պարագայում այսօր միգուցե չունենայինք Լիսկայի և Բուդաղյանների դեպքը, համենայնդեպս, Լիսկայի որդին այսօր ազատության մեջ չէր լինի։
Պատասխանատու ե՞ն արդյոք Կոմիտաս 5-ի բնակիչներին միացած քաղաքացիական ակտիվը, քաղաքական ուժերը, երբ շինարարությունը վերսկսված է, իսկ բնակիչները քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում միայնակ։ Այո՛, պատասխանատու են․ սա նպաստում է քաղաքի այլ հատվածներում նմանատիպ շինարարության իրականացմանը և այս դեպքում, հուսահատության ֆոնին, բնակիչները այլևս ցանկություն չունեն պայքարելու։ Գրեթե նույն ուժերը այսօր պայքարում են Փակ շուկայի համար։ Կհասցվի՞ արդյոք այս պայքարը վերջնակետին, հուսանք՝ կհասցվի։
Պատասխանատու ե՞ն արդյոք տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարի մասնակիցները ուղեվարձը թանկացնելու կամ՝ դրա մասին խոսելու Տարոն Մարգարյանի համարձակության համար։ Այո՛, պատասխանատու են, քանի որ պայքարը իր տրամաբանական ավարտին են փորձում հասցնել ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Պատասխանատո՞ւ է արդյոք այս ամենի համար Սերժ Սարգսյանը, իհարկե՛ պատասխանատու է, ամենամեծ պատասխանատուն է։ Պետք է՞ դնել Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցը։ Իհարկե՛, պետք է։ Սակայն ինչպես դա անել, երբ հանրությունը այս պահին դժվարանում է լուծել անգամ միջին օղակի երկու պաշտոնյայի պատասխանատվության հարցը։ Իհարկե՛, միջին օղակի երկու պաշտոնյայի հարցը ընկալելի չէ հանրության կողմից, ավելի քիչ կոնսոլիդացնող է, բայց պատասխանատվության կարևորության ընկալման պարագայում տարբերությունը պետք է շատ մեծ չլիներ, իսկ եթե չկա այդ ընկալումը, չկան այդ ռեսուրսները, ապա ստեղծելով մեկ թիրախ ու չկարողանալով լուծել այդ խնդիրը՝ կհանգնենք ավելի մեծ խնդրի առաջ. դնել միայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հարցը ու ցրվել տներով։ Բազմիցս ունեցել ենք նման փորձ, չի ստացվել, որևէ մեկը ստանձնե՞լ է պատասխանատվության իր բաժինը։
Այս իրավիճակի պատասխանատվությունը կիսող՝ Սևակ Մամյան