Հունվարի 11-ին ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը: Նա նախ Երեւանի Գնունի փողոցի շինանյութի շուկայում անհարգալից վերաբերմունք է դրսեւորել քաղաքացիների նկատմամբ, այնուհետև՝ դիմել փախուստի: Ոստիկաններն ի վերջո հետապնդել են ու բերման ենթարկել նրան՝ մեքենայից հայտնաբերելով դանակ ու կանեփանման զանգված:
Այսօր լրատվամիջոցները Տարոն Մարգարյանից հետաքրքրվել են, թե ինչ գնահատական կտա նա այս միջադեպի հետ կապված: Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ տեղյակ չէ այդ միջադեպից և դրա մասին իմանում է լրատվամիջոցներից:
Հետաքրքիր է, ինչպես է ստացվում, որ երկօրյա աղմուկից հետո Տարոն Մարգարյանը միայն այսօր է իմանում այդ միջադեպի մասին և սա այն դեպքում, երբ Հենրիկ Նավասարդյանը համարվում է վերջինիս ամենահավատարիմ չինովնիկներից մեկը և կոռուպցիոն շղթայի անբաժանելի օղակը: Այս ամենի մասին է վկայում ավելի քան եռամսյա նստացույցից հետո սեփական վարկանիշի անկման գնով վերջինիս իր պաշտոնում պահելը: Եվ դա այն դեպքում, երբ կային պաշտոնանկության թե՛ իրավական և թե՛ բարոյական հիմքերը:
Տարոն Մարգարյանը վստահաբար չէր կարող տեղյակ չլինել այս ամենից և պիտի որ նույնիսկ մի քանի զանգ կատարած լիներ ոստիկանապետ Վովա Գասպարյանին Նավասարդյանի որդուն ազատ արձակելու և դեպքին ընթացք չտալու խնդրանքով: Այնպես, ինչպես խնդրել էր պաշտպանել Մաշտոցի պուրակի բուտիկները կամ քաղաքապետարանը՝ նստացույց իրականացնող քաղաքացիներից:
Սակայն Տարոն Մարգարյանի նման պատասխանը և հղում կատարելը իրավապահ մարմիններին (Նավասարդյանի որդին ձերբակալվել է, ապա մնացած հարցերում պետք է զբաղվեն իրավապահ մարմինների ներկայցուցիչները) խոսում է այն մասին, որ այս իրավիճակում ոստիկանությունը Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի դաշնակիցը չէ, և Դավիթ Նավասարդյանի գործի քննությունը մեկ այլ խնդիր է լուծում: Հավանաբար, անհրաժեշտություն է առաջացել ժամանակավորապես զսպել գծատերերին և նրանց շահերը անվերապահորեն առաջ տանող Հենրիկ Նավասարդյանին:
Իսկ նման իրավիճակներում բարձրագույն կրթություն ունեցող, բայց դժվարությամբ պարզ նախադասություն արտաբերող, այդպես էլ իր կարիերայի գերակատարումը չհասկացած Տարոն Մարգարյանը չէր կարող իրեն չդնել շլանգի տեղ և անմեղ աչքերով չտալ նման անհավանական պատասխան:
Նարեկ Ամյան