Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասնելով.
Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:
Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը՝ մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:
Հուսամ՝ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
‼️Մյուս բոլորին՝ թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:
‼️Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար: