Երեկ երեկոյան ինձ զանգահարեց Երևանում ապրող ազգականս, թե` քաղաքում դիմակ չի ճարվում: Ինքն էլ լսել է, որ մեզ մոտ՝ Էջմիածնում, դրանցից կա: Ու խնդրեց, որ առնեմ, հասցնեմ՝ պետք է: Առավոտ շուտ խմբագրությունում պիտի լինեի։ Առավոտյան ժամանակ չկորցնելու համար որոշեցի նույն պահին գնալ դեղատուն: Մտա առաջին պատահած դեղատունն ու դեղավաճառից տասը հատ դիմակ խնդրեցի։ — Երեք հազար դրամ,- ասաց դեղատան աշխատողը: «Երեք հազար դրամ»-ը սղոցեց ականջս: Համոզվելու համար, որ ճիշտ եմ լսել, մեկ անգամ էլ հարցրի դիմակի գինը ու ստացա նույն պատասխանը՝ մեկ հատ դիմակն արժե 300 դրամ: Ճիշտ է, 50 դրամանոց դիմակը 300-ով գնելը այնքան էլ հաճելի բան չէ, բայց դե ազգականիս խոստացել էի: Խոսքիս տերը եղա՝ գնեցի, հետն էլ ՀԴՄ կտրոն պահանջեցի:
Ցավալի է, որ այս օրերին բիզնեսով զբաղվողները կորոնավիրուսը դարձրել են փող աշխատելու միջոց: Այս հոդվածն էլ գրում եմ ի պատասխան այն պաշտոնյաների, որոնք շարունակում են հայտարարություններ անել, թե դիմակները թանկ գնով չեն վաճառվում քաղաքացիներին: Անհերքելի փաստ է՝ Էջմիածնի դեղատներում լավ էլ 50 դրամանոց դիմակը ժողովրդին 300-ով են վաճառում: Լուսանկարն էլ ինքս եմ արել: Թողնում եմ այստեղ, որպես խոսքիս փաստացի ապացույց…
Հայկ Մագոյան