ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին կայացած պետական այցի արդյունքները առաջին հայացքից համեմատական էին հասարակ փոխնախարարի կամ լավագույն դեպքում նախարարի աշխատանքային այցից հետո ակնկալվող արդյունքների հետ: Սակայն բոլորովին այլ էին այդ այցի ոչ պաշտոնական արդյունքները:
1.Երևանում կազմակերպված բողոքի ակցիաները հիմնականում սոցցանցային նախաձեռնությունների արդյունք էին: Նախքան Պուտինի գալուստը հաճախ շեշտվում էր այն մասին, որ առաջնային թիրախ պետք է լինի Սերժ Սարգսյանը և ՀՀ իշխանությունները, իսկ Պուտինի դեմ ակցիան անգամ անիմաստ է: Սակայն պարզվեց, որ ակցիայի բովանդակությունը և նշանակությունը շատ ավելին եղավ, հնարավոր է՝ ավելին, քան կարող էին կանխատեսել նրա կազմակերպիչները: Ակցիաները ոստիկանական մեթոդներով խեղդելու ՀՀ իշխանությունների ջանքերն, ըստ էության, ապարդյուն անցան, և այն փաստը, որ որևէ մեկը Պուտինի վրա ձու չնետեց , դեռ չի նշանակում, որ ամեն ինչ սահուն է եղել:
Այստեղ, սակայն, կարող ենք խոսել հայաստանյան իշխանության հերթական անստեղծագործ ու տափակ կեցվածքից կամ ծառայամտության աննախադեպ չափաքանակից: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները կարող էին փոքր-ինչ խնայել իրենց ջանքերը և թույլ տալ ակցիայի բնականոն և խաղաղ անցկացումը: Սրանով գոնե ներկայիս վարչակարգը ինչ-որ կերպ ցույց կտար Պուտինին, որ Հայաստանում կա հասարակություն կամ հասարակության մի հատված, որը պատրաստ է պայքարի ռուսական էքսպանսիայի դեմ: Նման ուղերձը մեր վայ իշխանությունը կարող էր օգտագործել անգամ ցինիկ շահերի համար` Ռուսաստանից ինչ-որ բաներ քերելու նպատակով:
Սակայն մեր իշխանությունների անհեռատեսության կամ կամակատարության պատճառով ամեն ինչ փորձ արվեց ներկայացնել բոլորվին այլ գույներով` Հայաստանում օրհնում են ռուսի ոտքը, իսկ մեկ-երկու ընդդիմացողների առումով իրավիճակը վերահսկվում է: Թե ինչքանով կարելի է վերահսկում համարել այն իրավիճակը, երբ 500-600 ցուցարարներից 100-ից ավելին բերման են ենթարկվում՝ թողնենք ընթերցողի ճաշակին, իսկ, ընդհանուր առմամբ, սովետական ԿԳԲ-ական ընկալման տեսանկյունից՝ դա իրավիճակի վերահսկում է:
Բացի այս, հնարավոր չեղավ նաև ինֆորմացիոն բլոկադան համաշխարհային հանրությունից` չնայած այս անգամ ոստիկանները լծվել էին նաև լրագրողներին բերման ենթարկելու «սուրբ գործին»։ Արդյունքում ՀՀ իշխանությունները հերթական անգամ խարխլեցին իրենց հիմքերը:
2.Դեկտեմբերի 2-ի ակցիաները աչքի ընկան իրենց կազմակերպվածության բավական բարձր մակարդակով: Պետք է շեշտենք, որ այստեղ քաղաքական ընդդիմության մի քանի անդամներ ակցիաների մասնակցում էին որպես ՀՀ քաղաքացիներ, այսինք՝ քաղաքական ընդդիմությունը որևէ դեր չուներ: Այս տեսանկյունից, փաստորեն, դեկտեմբերի 2-ի ակցիաները դարձան հայաստանյան` այսպես կոչված՝ քաղհասարակության ձևավորման գործընթացի որակապես նոր կանգառը:
Պետք է արձանագրենք, որ սեպտեմբերի 3-ից հետո, եթե չհաշվենք որոշ քաղաքական կուսակցությունների լղոզված ու կիսաձայն քննադատությունները Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու որոշման դեմ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպված ձևով բարձրաձայնվեց որոշակի վերաբերմունք ՄՄ-ի նկատմամբ: Ուշագրավ էր նաև այն փաստը, որ մի շարք նախաձեռնություններ, որոնք փորձում էին հանդես գալ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կամ այսպես ասած իրենցով էին ուզում անել քաղաքացիական հասարակությանը, վերջնականապես սպառեցին իրենց` իրենց պասսիվությամբ ու լռությամբ բացահայտելով, թե որտեղ են գտնվում իրենց կառավարման լծակները: Սա կարծում ենք բավական կարևոր արդյունք էր, քանի որ ակնհայտ է, որ ներկայիս հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է քաղաքական-քաղաքացիական, տեղեկատվական մանիպուլյացիայի մթնոլորտում:
Այս ամենի ֆոնին հատկանշական է նաև քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը: Բնականաբար, այստեղ նույնպես հաճախ կարելի է հանդիպել չափազանց տարասեռ իրողությունների` քաղաքացիական արժեհամակարգից ու սկզբունքայնությունից մինչև զանազան պաշտոնական օղակներից ներդրված գործակալական ցանցը, սակայն մի բան աներկբա է, որ օր օրի հայաստանյան քաղաքացիական հասարակությունը այլևս դադարում է ընկալվել մեկ-երկու տասնյակ անհատների կերպարով և վերածվում է լայն հասարակական իրողության: Սա, թերևս, դեկտեմբերի 2-ի կարևորագույն արդյունքներից մեկն է:
Աղասի Մարգարյան