Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ուկրաինայում այս օրերին տեղի ունեցող քաղաքացիական ընդվզումներին, նշեց, որ Եվրամիության Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը Ուկրաինայի ներքին քաղաքականության մեջ ամենակարեւոր խնդիրն էր:
«Նրանց ներքին քաղաքականության մեջ ուրիշ խնդիր չկար, եւ Ուկրաինայի կառավարության այդ որոշումըˋ հրաժարվել ասոցացման պայմանագրից, պետք է մարդիկ այդպես էլ ընդունեին: Հայաստանում դա այդպես չի, Հայաստանում այդ գաղափարը ընդհանրապես խոր արմատներ չունի քաղաքական կյանքում, եւ ընդհանրապես այստեղ քաղաքական լայն դիսկուրսներ չեն առաջացել: Անգամ քաղաքական ուժերի մեծ մասն իրենց հստակ դիրքորոշումը չեն ցուցաբերել Սերժ Սարգսյանի որոշման հետ կապված»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ Ասոցացման պայմանագրից հրաժարումը տարբեր նշանակություն ունեցող խնդիր է երկու երկրների համար:
«Դա իրենց կյանքի հետ առնչվող խնդիր է, եւ այնտեղ այլ մոտեցում կա: Դա իրենց համար հստակ խնդիր է»,-հավելեց Մ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց Եվրոպական Միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքները կասեցնելու մասին, որից հետո քաղաքացիները սկսեցին զանգվածային բողոքի ցույցերˋ ընդդեմ այդ որոշման:
Լիլիթ Առաքելյան