Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ի թիվս այլ տարբեր հարցերի պատասխանեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ հնչած հարցին: Քարդաշյանը վստահեցրեց, որ Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն իմ նպատակն է, և ես երբեք չեմ հանձնվելու»,-պատասխանել է հայազգի հեռուստաաստղը, ապա ավելացրեց.
«Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ տանը: Մասնավոր երկխոսություն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: