տուն Հասարակություն Դատարանի որոշումն ընդունելի չէ․ ԿԳՄՍՆ բողոքարկել է Օրբելյան-նախարություն գործով վճիռը

Դատարանի որոշումն ընդունելի չէ․ ԿԳՄՍՆ բողոքարկել է Օրբելյան-նախարություն գործով վճիռը

303
0

ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ մշակույթի նախարարության գործով դատական վճիռը։

Այս մասին Araratnews.am-ին հայտնեց նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը։

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել վճիռն ամբողջությամբ բեկանելու համար, այս շաբաթ դատարանի պատասխանը կստանանք»,- ասաց Մարգարյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Հարցին՝ արդյոք բողոքը վարույթ չմտնելու պարագայում կրկին բողոքարկելու են, վարչության պետը նշեց, որ համապատասխան բոլոր ատյաններ դիմելու են։

Իսկ սպասո՞ւմ էր նախարարությունը, որ դատարանը կբավարարի Օրբելյանի հայցը, Մարգարյանը պատասխանեց․ «Սպասում էինք երկու տարբերակին էլ, բայց դատարանի որոշումն ընդունելի չէ նախարարության համար, և մինչև վերջ պայքարելու ենք»։

Հիշեցնենք, որ վճռով ամբողջությամբ բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը, որով անվավեր է ճանաչվում ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 3-ի հրամանը և Կոնստանտին Օրբելյանը պետք է վերականգվի տնօրենի պաշտոնում:

Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է թատրոնին` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Կոնստանտին Օրբելյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով։

Հարցի շուրջ Araratnews.am-ի հետ զրույցում Նազենի Ղարիբյանը նշել էր, որ եթե ինքը լիներ նախարար, գուցե նման վճիռ չլիներ: