Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժել է պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Մինչ այդ, նախքան դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։