Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն՝ մարտի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի կողմից իր հասցեին վիրավորանք հնչեցնելու դեպքի առթիվ արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով:
Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանում չի ապահովվում անհրաժեշտ կարգը, ինչը խանգարում է դատավարության պրոցեսին.«Բացարձակ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի և մեղադրվող կողմի նկատմամբ, ինչը խանգարում է նորմալ պրոցեսին: Եթե դատավորը ասում է , որ հոտնկայս պետք է հարցին պատասխանել, իսկ մարդը կարող է ասել՝ ես չեմ կարող և չունենա որևէ հիմանվորում, ապա դա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ»,-ասաց փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ հաջորդ նիստերին նման իրավիճակ չի կրկնվի, հակառակ դեպքում չի ստացվի բնականոն դատական պրոցես. «Մարդիկ մտածում են, որ եթե իրենք տուժող են, ապա իրենց ամեն ինչ կարելի և կարող են կարգ խախտել»,- ասաց փաստաբանըˋ ավելացնելով, որ առայժմ դատավորը ևս որևէ քայլ չի ձեռնարկել՝ տուժող կողմին կարգի հրավիրելու համար.«Կան անվտանգության աշխատակիցներ և իրավապահներ, որոնք աշխատավարձ են ստանու, և դատավորը նրանց միջոցով պետք է ապահովի անհրաժեշտ կարգը»,- եզրափակեց իր խոսքը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: