Դերասան Վարդան Պետրոսյանն Ամանորը անցկացրել է կալանավորների հետ՝ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, որի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ, որից հետո դերասանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և նա վերցվել էր երկամսյա կալանքի, սակայն բոլորովին վերջերս որոշում կայացվեց՝ երկու ամսով երեկարաձգել նրա խափանման միջոց կալանքը:
Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու դատական նիստ, որտեղ վիճարկվելու է Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը եւ քննիչի ներկայացրած պատճառաբանությունը, թե Վարդան Պետրոսյանը փորձ է կատարել թաքնվել վարույթ իրականացնող մարմնից:
Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ իրականում նման բան չի եղել, եւ իրենք կարողացել են փաստել, որ Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից տեղափոխվել է իր քրոջ բնակարան, իսկ քույրը իր ցուցումունքներում նախապես հայտնել է, որ Վարդան Պետրոսյանը վերջին 10 տարին բնակվել է իր բնակարանում:
«Մենք ուսումնասիրել ենք Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը եւ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր Յուրա Բաղդասարյանի կողմից կայացված որոշումը, ինչից պարզել ենք, որ իրենք նույնաբովանդակ են պատճառաբանում: Այսինքն, ավելի պարզ ասած, քննիչի միջնորդության եւ դատավորի որոշան մեջ նույն տառասխալներն են»,- նշել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա փաստում է, որ մինչեւ դատավարությունը, դատավորը էլեկտրոնային տարբերակով ստացել է այդ միջնորդությունը եւ «copy paste» է արել որոշման մեջ:
«Սա օրենքի կոպտագույն խախտում է, սա նշանակում է, որ մինչեւ դատը, արդեն որոշված էր, որ պետք է Վարդան Պետրոսյանի կալանքը երկարացվեր: Որոշումը ոչ թե գրել էր անձամբ դատավորը խորհրդակցական սենյակում, որը պարտարվոր էր, այլ ինքը նախօրոք վերցրել էր քննիչի այդ փաստաթղթերը , այնուհետեւ մեջ էր բերել քննիչի միջնորդությունը իր պատճառաբանական մասում»,-հավելել է Բաղդասարյանը:
Փաստաբանը պատրաստվում է ինքաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին, ինչպես նաեւ դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին ու Մարդու իրավունքների պաշտպանին:
«Չկա պաշտպանվածություն այս պետության մեջ: Սա արդեն արատավոր երեւույթ է դարձել: Նման դեպքերը նախկինում էլ են եղել, երբ դատավորն ու քննիչը հանդիպում են եւ որոշում, թե ինչ անենˋ առանց պաշտպանի, առանց մեղադրյալի: Այսինքն ճակատագիրը լուծվում է ոչ դատական նիստի դահլիճում, իսկ դա լուրջ հետեւանքներ է ունենում»,- եզրափակել է Բաղդասարյանը:
Լիլիթ Առաքելյան