Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցել է Ստամբուլի «Ժամանակ» հայալեզու թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ով մասնակցել է այսօր թուրք լրագրողների համար Ահմեթ Դավութօղլուի` Երևանում հրավիրած ասուլիսին, արտգործնախարարը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Թուրքիան առաջարկել է գրավյալ երկու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց բացել Հայաստանի հետ սահմանը:
«Պարոն Դավութօղլուն ասաց, որ թուրքական մամուլում հայտնվել են այդպիսի տվյալներ և դրանց արձագանքելով` հայկական մամուլն էլ այդ մասին գրել է, բայց բացարձակապես հերքեց այդ բոլորը: Ասաց, որ Թուրքիայի կողմից պաշտոնապես նման բան չի ասվել: Ասաց, որ դրանք սպեկուլյացիաներ են, ավելի մեկնաբանական բնույթ կրող պնդումներ», — ասել է Գոչունյանը:
«Պարոն Դավութօղլուն նշեց, որ պարոն Նալբանդյանի հետ ջերմ հանդիպում են ունեցել, պարզ է, որ կողմերի դիրքորոշումների մեջ առկա են տարբերություններ, սակայն, այդ տարբերությունները հասկանալով հանդերձ, թուրքական կողմը համոզված է, որ ավելի հաճախ պետք է հանդիպել և դա կարող է դրական հեռանկարներ ընձեռել: Անկարայի ցանկությունը այն է, որ Երևանի հետ էլ ամենալավ մակարդակի վրա գտնվեն հարաբերությունները», — ասուլիսից մանրամասներ փոխանցեց Գոչունյանը: — «Ասաց, որ Թուրքիան ունի Կովկասի վերաբերյալ իր տեսլականը, և այդ շրջանակներում Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի միջև լայն համագործակցություն կա, և թուրքական կողմը ցանկություն ունի, որ Հայաստանն էլ այդ ամբողջի մասնակիցը դառնա, տարածաշրջանը վերածվի խաղաղության և կայունության գոտու»:
Մանրամասներն՝ այստեղ: