Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն մի քանի հետաքրքիր դիվանագիտական ձևակերպումներ տվեց, որոնք բուռն արձագանք ունեցան լրատվության մեջ: Դրանք կարծես թե պիտի դիտվեյին Թուրքիայի կողմից քայլ առաջ թե ցեղասպանության, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու հարցում, բայց դրանք հին քաղաքականության նոր ձևակերպումներն էին:
Այսպիսով՝ Դավութօղլուն ասել է. «Մենք նշում ենք «արդար հիշողությունը», ինչը նշանակում է, որ պետք է բացահայտենք փաստերը» և` «1915 թվականին հայերի տեղահանություններն անմարդկային էին»: Առաջին հայացքից կարծես թե Թուրքիան փորձում է հրաժարվել ժխտողականությունից և առնչվել պատմական իրողության հետ: Սակայն հաջորդ իսկ նախադասության մեջ Դավութօղլուն նշում է. «Հենց այդ ժամանակ կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները ամենևին էլ նման չեն հրեա-գերմանական հարաբերություններին»` կրկին մեղադրելով հայերին, որ նրանք չեն կարողանում հրաժարվել նախապաշարմունքներից:
Ստացվում է, որ Թուրքիան արդեն իսկ բացահայտել է կամ գիտի մի բան, որը պարզ չէ մեզ՝ Հայաստանի/հայերի համար, իսկ «արդար հիշողությունը» նշանակում է`ոչ թե Թուրքիան կամ թուրքերը կարիք ունեն առնչվելու պատմական իրողության հետ, այլ հենց հայերը և Հայաստանը: Այդ իրողությունը կամ «արդար հիշողությունը» այն է, որ որ հայ-թուրքական հարաբերությունները ամենևին էլ նման չեն հրեա-գերմանական հարաբերություններին, այսինքն՝ չի եղել ցեղասպանություն (հրեա-գերմանական հարաբերություններ: Հրեանների ցեղասպանությունը, որն իրականացվեց նացիստական Գերմանիայի կողմից և ճանաչվեց, փոխհատուցվեց իրավահաջորդ Գերմամանիայի կողմից), այլ եղել է տեղահանություն, այն էլ միայն 1915 թ.:
Նման վարկածն ավելի մոտ է թուրքական ինքնության առանցքում գտնվող առասպելին, միայն մի տարբերությամբ, Թուրքիան սեփական հանրությանը ներկայացնում է, որ հայերին ոչ թե տեղահանել են, այլ հայերը, որոնք եկել էին այդտեղ ապրելու, մի օր վեր կացան ու գնացին: Սա շատ բնորոշ մի քաղաքականություն է Թուրքիայի համար. նման բան կարող ենք հանդիպել ինքնության կառուցման կամ պատմական ձևափոխման նաև այլ ոլորտներում, մասնավորապես, հուշարձանների մասին պատմող վահանակների վրա անգլերեն տարբերակում իհարկե՝ առանց նշելու տվյալ անձնավորության կամ դինաստիայի ով լինելը, սակայն ճշգրտորեն ներկայացվում են պատմական անցքերը և անհատները, իհարկե՝ ժամանակագրական ավելի խոր անցյալում մենք հանդիպում ենք բնիկ թուրքեր, թուրքերեն վահանակներում պատկերը այլ է, դրանք թուրքացված են: Ի տարբերություն Ադրբեջանի, որը հասնում է ինքնության առասպելը կառուցելու մեջ ծայրահեղության թե ներսում, թե դրսում, Թուրքիան զգույշ է պատմական բացահայտ իրողությունները կեղծելու մեջ՝ արտաքին աշխարհին ներկայանալիս և խուսափում է անհարմար իրավիճակների մեջ ընկնելուց` շեշտը նման դեպքերում դնելով «վիճելի» անցքերի վրա: Եվ օգտագործելով տեղահանություն և հիշողություն եզրույթները՝ առաջին դեպքում Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը, երկրորդ դեպքում էլ ապահովագրում իրեն դրա հետևանքների իրավական պատասխանտվությունից: Ահա այստեղ է որ «հայկական նախապաշարմունքները» և հայկական սփյուռքը խոչընդոտ են դառնում թուրքական տարբերակի ամրապնդմանը, ոչ միայն բարոյական , այլև վերջերս լայն շրջանառության մեջ դրված իրավական արդարության և պահանջներով՝ հողերի վերադարձ, փոխհատուցում, որն ունի իր նախադեպը`հրեա-գերմանական հարաբերությունները:
Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առումով նկատում ենք նույն սկզբունքը. մի կողմից՝ հիմնական նպատակն այն է, որպեսզի ստեղծվի ամուր հիմքով երկխոսության մթնոլորտ, ասել է Դավութօղլուն՝ հերքելով այն պնդումները, թե ինքն առաջարկել է Հայաստանի զորքերը դուրս բերել ԼՂ երկու շրջաններից, որը պիտի նշանակեր պատրաստակամություն առանց նախապայմանների գնալ երկխոսության, և որ նա չի խառնվում անմիջական հայ-ադրբեջանական հարաբերություններին, մյուս կողմից ավելացնում է. «Հայ-թուրքական հարաբերություններում կա 3 հիմնական սյուն․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, հարաբերությունները թուրքերի և հայերի միջև։ Եթե այս երեք հիմնասյուներից մեկը թույլ է, այն աղետի է հանգեցնում: Եկեք բացենք հայ-թուրքական սահմանը, սակայն եթե պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա մենք ստիպված ենք լինելու կրկին փակել այն: Ամենադժվար բանը ստատուս քվոյի սառույցի կոտրումն է», այսպիսով՝ բերելով նախապայմաններ. առաջին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Երկրորդ` ցեղասպանության հարցը և պահանջատիրությունը:
Կարելի է ենթադրել, որ այստեղ Դավութօղլուն, առանձնացնելով Հայաստան և հայ հասկացությունները ի նկատի է ունեցել` հայերի ներքո սփյուռքին, որն այսօր հիմնական պահանջատերն է Ցեղասպանության հարցի հանգուցալուծումից հետո, իսկ Հայաստանի դեպքում պետությունը, որը «կարող է ընդառաջել» Թուրքիային: Արդյունքում կարող ենք փաստել` Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը և չի առաջարկում նոր բան, Դավութօղլուի հայտարարություններ միտված են արտաքին քաղաքականության մեջ դիվդենտներ շահելուն, իսկ առաջիկայում հայ-թուրքական հարաբերություննում ոչ մի փոփոխություններ չեն լինելու, և, բնականաբար, ունենալու ենք փակ սահմաններ: