տուն Քաղաքական Դավիթ Խաժակյանը հրապարակեց նոր փաստաթուղթը

Դավիթ Խաժակյանը հրապարակեց նոր փաստաթուղթը

220
0
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Հատուկ քննչական ծառայություն ներկայացրեց պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ: Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները անցնելուն և պաշտոնեական կեղծիքին, որի հետ կապված պարբերաբար նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
«Ես հրապարակել էի մի փաստաթուղթ, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքապետն իր կարգադրությամբ հանձնարարում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Ես պնդում էի, որ քաղաքապետն իրավասություն չունի նման լիազորություններ վերապահելու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին, որովհետև Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ միայն մեկ անձ իրավունք ունի փոխարինելու քաաղքապետին և ստորագրելու վերջինիս իրավական ակտերը: Նա քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է»,- ասաց Խաժակյանը:
Նա հիշեցրեց, իրենց պարզաբանվել էր, որ քաղաքապետը նախ Հրաչյա Սարգսյանին է պատվիրակել իր լիազորությունները, այնուհտեև Հրաչյա Սարգսյանը դրանք դրել է Հայկ Սարգսյանի վրա:
«Ես ցույց էի տվել այն կարգադրությունները, որոնք կեղծված էին: Ասում էին՝ այն, ինչ ցույց է տալիս Դավիթ Խաժակյանը, դա աշխատանքային տարբերակն է: Ես կարծում եմ, որ այդ հեքիաթները կարող են պատմել այլ վայրում, բայց ոչ իրավապահներին, որովհետև կնքված և տակը ստորագրություն դրված փաստաթուղթը չի կարող լինել սևագիր»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանն այսօր ՀՔԾ էր բերել նոր փաստաթուղթ: Նա ասաց, որ սա շատ հետաքրքիր փաստաթուղթ է, որը բացահայտ վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, իրականում Հայկ Սարգսյանին չի նշանակել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Եվ Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավելի իրավական ակտերը առ ոչինչ են:
«Խոսքը գնում է նրա մասին, որ նույնը կլիներ, եթե, օրինակ, քաղաքապետի վարորդը, օգնականը, որևէ այլ անձ այդ լիազորությունն իրականացներ, ստորագրեր քաղաքապետի որոշումների տակ, և ասեին՝ նորմալ է: Իրականում այդ փաստաթղթերն առ ոչինչ են: Իմ ձեռքի տակ է գտնվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ Վահե Խաչատրյանի կողմից քաղաքապետին ներկայացված զեկուցագիրը, և այս զեկուցագրի ողջ էությունը հետևյալն է՝ Վահե Խաչատրյանը զեկուցում է քաղաքապետին՝ ասելով, որ առաջին կարգադրությամբ քաղաքապետը հանձնարարել էր Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայկ Սարգսյանին: Մինչդեռ, գործուղման որոշման նախագծերը, մեջբերում եմ, քանի որ չեն նշագրվում անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից, տվյալ որոշման մեջ թյուրիմացաբար բաց է թողնվել այն հանգամանքը, որ համաձայն վերոնշյալ կարգադրության երրորդ կետի՝ պետք է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեր Հայկ Սարգսյանին: Սա նոր բացահայտում է, որ Հրաչյա Սարգսյանն այդ լիազորությունները չի դրել Հայկ Սարգսյանի վրա, ինչը նշանակում է, որ մենք մի դեպքում գործ ունենք պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ, որը քրեական օրենսգրքով նախատեսված հոդված է, մյուս դեպքում, ես կարծում եմ, որ իրավապահները պետք է քննեն ինքնիրավչության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:
Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների տակ ստորագրել է այն պարագայում, երբ նա նույնիսկ դրա հիմքում չուներ որևէ իրավական ակտ: Սա նշանակում է, որ այդ իրավական ակտերն առ ոչինչ են, և այն մարդիկ, ում գործերն առնչվում են այդ իրավական կատերի հետ, ըստ էության գործով տուժողներ են, որովհետև իրենց տրված փաստաթղթերը դե յուրե առ ոչինչ են»,- հավելեց Դավիթ Խաժակյանը: Նա ասաց, որ երեկ գտնվել է ՀՔԾ-ում, իրեն ուղղել են մի շարք հարցեր, որոնց բնույթն այնքան էլ հասկանալի չէր: «Ես այդտեղ որոշակի բացասական միտում եմ տեսնում, հուսով եմ այս փաստաթղթով այդ միտումը կշտկվի»,- նշեց նա:
Ըստ Խաժականի՝ իր պահանջը շատ հստակ է՝ պետք է հարուցվի քրեական գործ: Նա ասաց, որ սա նշանակում է ոտքերը սրբել իրավական համակարգի վրա: