Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:
Արևիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ երեկ քննիչը Ռուսլան Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Դատարանը, հավանաբար, այսօր կքննի միջնորդությունը:
Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավիթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։