«Որ մի քիչ համբերություն ունենաք, հետագայում կտեսնեք՝ շահեց, թե տուժեց»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով էր նպատակահարմար Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարության կազմում ներառելը: Աշխարհի 35 երկրներում, ըստ Խաչատրյանի, հարկային ու մաքսային մարմինները ֆինանսների նախարարության կազմում են: Խոսելով այլընտրանքային հարկային ստուգումների մասին, նախարարը ասաց, թե սխալ է այս նոր նախաձեռնությունը անձամբ իր անձի հետ կապելը:
«Բիզնեսի այն հատվածը, որը ռիսկերի համակարգում է և ստուգվում է, մնացած հատվածը տարբեր պատճառներով չի ստուգվում: Ուստի հաշվապահին ստուգելու, փայատերերի փոխհարաբերությունները, օտարերկրյա ներդրողների հետ հարաբերությունները ճշտելու համար բիզնեսին այդ հարաբերությունների մեջ հետաքրքիր է հարկային փաստաթուղթը, աուդիտը: Երբ ռիսկերի համակարգը ձևավորեցինք, մեր փորձը ցույց տվեց, որ ընդամենը 1 տարում ռիսկերի համակարգով 1267 ձեռնարկություն է հայտվել: Մենք ունենք 85 հազար ձեռնարկություն: Մնացածները, ովքեր ուզում են ունենալ հարկային աուդիտը, պետք է հնարավորություն տալ, որ ինքը որոշի՝ եթե ուզում է հարկային աուդիտ, դիմի հարկային մարմինին, եթե ուզում է ֆինանսական աուդիտ, դիմի աուդիտորական ձեռնարկություններին»,- ասաց Գ. Խաչատրյանը՝ հավելելով, որ այս համակարգը ներդրվում է նաև գործարար շրջանակների խնդրանքով:
«Դուք խոսեք բիզնեսի հետ, կհասկանաք՝ մենք լավ քայլ ենք անում, թե՞ վատ, անձի հե՞տ է կապված, թե՞ կապված է գործարար միջավայրին օգնելու հետ: Եկեք 10 աշխատանքային օր անցկացրեք հարկային, մաքսային մարմիններում, ֆինանսների նախարարությունում՝ ինքներդ զգացեք՝ քանի թիկնապահ ունեմ, թիկնապահները հարվածո՞ւմ են աշխատողներին, գումար պահանջում են-չեն պահանջում»,- ասաց Գ. Խաչատրյանը:
«Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, հարազատներ ունեն, բարեկամներ ունեն, ի՞նչ պետք է անեն: Կամ պետք է բիզնեսով զբաղվեն, կամ պետական սեկտորում աշխատեն, կամ ի՞նչ անեն, թողնեն գնա՞ն երկրից: Եկեք ստեղծենք այնպիսի միջավայր, որ ձեզ էլ, մեզ էլ հետաքրքիր չլինի, թե բիզնեսով ով է զբաղվում: Հարկերը վճարեն, նորմալ խաղի կանոնները երկրում գործող, օրենքի դաշտի խաղի կանոնները պահեն ու աշխատեն»,- նշեց նախարարը:
Հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար խոշոր ընկերություններին պարտադիր աուդիտից ազատելը, նախարարը պատասխանեց, թե պարտադրված ցանկացած բան հաճելի չէ բիզնեսի համար: «Հարկային տեսակետից էս տարիների փորձը ցույց տվեց, որ ոչ մի…ինքը ի՞նչ է անում՝ աուդիտի գաղափարը նա է, որ ուղղորդես բիզնեսին ինքն ինքնուրույն հայտարարագրի: Հարկային աուդիտը ի՞նչ է ասում, ասում է՝ դու էստեղ սխալներ ունես, նույնը ասում է պարտադիր աուդիտը: Հիմա ի՞նչու պարտադրենք: Բիզնեսին թույլ տվեք՝ ինքը որոշի՝ հարկային աուդիտ անի՞, թե՞ գնա էն մյուսը: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ բիզնեսի բեռը թեթևացնելու համար»,- ասաց Գ. Խաչատրյանը: