Նախաքննությունը շարունակվում է, և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշումը համարում է ոչ իրավաչափ, անհիմն կամ անօրինական՝ կարող է բողոքարկել: Նման հայտարարություն արեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում Շանթ Հարությունյանի հարազատների դժգոհությանը՝ գործի քննության կապակցությամբ: «Ես ընդամենը կարող եմ փաստել, որ ցանկացած անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվել, եթե համապատասխանաբար դատարանը ճանաչեց վերջինիս մեղավոր այդ արարքի համար»,- ասաց Գ. Կոստանյանը:
Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցից, Գ. Կոստանյանը նշեց, որ կաշառքի որևէ փաստ չի ներկայացվել: «Յուրաքանչյուր դեպքում, երբ մամուլում կամ փաստաբանների կողմից կոնկրետ անձի վերաբերյալ հայտարարություններ են եղել, դրանց վերաբերյալ մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրեցինք և յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություններ ներկայացրեցինք: Որևէ փաստաբան չի նշել, թե տեղի է ունեցել կաշառքի կամ կոռուպցիոն այլ դրսևորման փաստ: Փաստաբանը ներկայացնելով իր դիրքորոշումը, նշել է, թե, քանի որ, իմ կարծիքով, որոշումը ապօրնի էր, հետևաբար քննիչը կամ դատախազը կա՛մ կաշառք են վերցրել, կա´մ անգրագետ են, կա´մ վերևից հանձնարարական են կատարում»,- ասաց Գ. Կոստանյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, այդ հայտարարությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստվել են թե՛ հատուկ քննչական ծառայությունում, թե՛ նախաքննության մարմիններում, և կայացվել որոշումներ, որոնց մեծ մասը չի բողոքարկվել: