Սոցիալական և ժողովրդավարական պետության կայացման կարևորագույն բաղադրիչներից է անկախ և հզոր արհմիությունների առկայությունը: Սակայն, ի տարբերություն ներկայիս ժողովրդավարական համարվող երկրների, Հայաստանում սոցիալական այս ինստիտուտը չի ունեցել բնականոն զարգացում: Խորհրդային միության տարիներին այն վերածվեց ավտորիտար պետական համակարգի բաղկացուցչի, որը, ճիշտ է, ինչ որ չափով կարողանում էր ապահովել որոշակի սոցիալական արդարություն, իհարկե, ի հաշիվ որդեգրած սոցիալիստական գաղափարախոսության, սակայն որպես պետություն/իշխանություն/գործատու- հանրություն/աշխատավորներ հակակշիռների մեխանիզմի մաս՝ բացակայում էր:Անկախացումից հետո, բազմաթիվ հասարակական և պետական ինստիտուտների հետ միասին այս ինստիտուտը ևս շարունակեց խորհրդային լավագույն ավանդույթները:
Ներկայում Հայաստանում արհմիություններն ունեն բրգաձև կառուցվածք. գագաթին գտնվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որը հանդիսանում է նաև սոցիալական գործընկերության կողմ` կառավարության և գործատուների միության հետ միասին: Սակայն այս կառույցի ղեկավար կազմում ընդգրկված հիմնականում սովետական ժառանգություն հանդիսացող կադրերը, շարունակելով խորհրդային ավանդույթները, իրականացնում են ոչ թե իրապես աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանություն, այլ փաստացի կառավարության և գործատուների միության կողմից պարտադրվող պայմանների ու որոշումների դակման գործառույթ:
Հատկանշական է այն, որ առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, սոցիալական գործընկերության մյուս երկու կողմերը` կառավարություն, գործատու, գրեթե նույնացվում են, իսկ երրորդ կողմը` արհմիությունները խամաճիկային են: Այսպիսով բոլորը գոհ և երջանիկ են, սակայն կնքվող սոցիալական պայմանագրի կողմերը ոչ մի կապ չունեն հանրության, աշխատավորների հետ: Արհմիությունները հայաստանյան իրականության մեջ կատարում են այն նույն ֆունկցիան, ինչ ուսխորհուրդները՝ բուհերում, հանրային խորհուրդը` հանրային խնդիրների դեպքում: Այսինքն միակ գործառույթը աշխատավորներին հնարավորինս վերահսկելի դարձնելն ու գործատուների համար գերշահույթներ ապահովելու բարենպաստ պայմաններ ապահովելն ն է:
Կարծես հստակ քաղաքականություն է տարվում այս կառույցների դերը իջեցնել մինչև տոնից տոն նվերներ բաժանելու, հանգստյան տների զեղչային կտրոնների տրամադրման մակարդակի: Աշխատավորների մեծամասնությունը այսօր չգիտի, չի գիտակցում արհմիությունների իրական գործառույթներն ու ուժը: Նման պայմաններում սպասել և հուսալ, որ փոփոխությունները կարող են գալ վերևից, որ մի օր արհմիությունները կկատարեն իրենց իրական գործառույթները, միամտություն կլինի: Մնում է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը այս ինստիտուտի վերաբերյալ և խթանել ինքնակազմակերպումը, այնուհետև՝ աշխատավորների կողմից անկախ արհմիությունների ձևավորումը, ինչը օրեցօր մեծացող աշխատավորների շահագործման, աշխատող-գործատու վեճերի իմպուլսի ազդեցությամբ կարող է բերել դրական տեղաշարժերի:
Սևակ Մամյան