Հայ հայտնիների վրա ունեցած՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի ազդեցության շուրջ AraratNews.am-ը զրուցել է երգչուհի Լենա Ղազարյանի հետ:
Լենա, շատերն ասում են, որ Covid-19-ը, իր բացասական կողմերից զատ նաև դրական ազդեցություն է ունեցել իրենց կյանքում: Հայ հայտնիներից շատերն այս ընթացքում հասցնում են իրենց ժամանակը լիովին ընտանիքին տրամադրել: Համաձա՞յն եք նման ձևակերպման հետ:
Այո, դա այդպես է: Ավելի շատ ես ժամանակ անցկացնում ընտանիքիդ հետ՝ վայելելով ընտանեկան քաղցրությունը:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի համերգային ծրագրերն ու հյուրախաղերը համավարակի հետևանքով կասեցվել են: Դուք նույնպե՞ս ստիպված եք եղել որոշ համերգային ծրագրեր չեղարկել:
Այո, շատ կորպորատիվներ չեղյալ են համարվել: Ես նույնպես այդ ամենի զոհն եմ:
Ձեր կոլեգաներից շատերն այս ընթացքում հայտնի ինստագրամյան live-երով են հանդես գալիս: Կո՞ղմ եք արդյոք նման ֆորմատին: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի շարունակելիության դեպքում հնարավո՞ր է, որ հայ աստղերն արդեն մտածեն նման ֆորմատով համերգային ծրագրերի կազմակերպման մասին:
Չեմ կարող ասել, դե դա էլ իր առավելություններն ունի՝ պահպանելու կապը երկրպագուների և հանդիսատեսի հետ: Ես կոնկրետ շատ live-եր չեմ արել: Արել եմ live՝ համերգի տեսքով: Եվ իմ երկրպագուները շատ գոհ են, անգամ էլի են ուզում, որ կազմակերպեմ նման փոքրիկ համերգ:
Կորոնավիրուսի ընթացքում հասարակության ամենատարբեր շերտերն իրենց համար զանազան «զբաղմունքներ» են գտել. հետաքրքիր ֆիլմեր, գրքեր, համեղ ուտեստների պատրաստում և դեգուստացիա: Ձեր դեպքում այս ցանկը գործո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, այն այլ զբաղմունքներով էլ է համալրվում:
Ես նույնպես ուտեստներ եմ պատրաստել, գրքեր ընթերցել, շատ ֆիլմեր եմ դիտել: Այս շրջանն ինձ համար ավելի շատ քննական էր, որովհետև ավարտեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Լենա, հեշտությա՞մբ եք բժշկական դիմակներ կրում: Դիմակը Ձեզ անհարմարություն չի՞ պատճառում: Հնարավո՞ր է, որ նաև դիմակի ներքո կարողանաք հավուր պատշաճի հնչեցնել Ձեր հզոր ձայնը:
Չէ, նեղվում եմ, քանի որ շոգ է (ժպտում է): ԱՄՆ-ից դիմակով եմ վերադարձել և 16 ժամ չեմ հանել այն: Միայն դիմակներս եմ փոխել:
Հայ երգիչ-երգչուհիներից շատերը նշում են, որ այս ընթացքում կարողացել են իրենց վերագտնել. շատ կարևոր երևույթների ու իրողությունների մասին մտածել: Ձեր դեպքում նույնպե՞ս այդպես է եղել:
Ինձ մոտ շատ բան չի փոխվել: Ես փորձում եմ տնային պայմաններում ուրախ տրամադրություն պահել: Միայն թե չեմ կարողանում շատ դուրս գալ, մարդկանց հետ շփվել: Երեկոյան պարտադիր զբոսնում եմ: Բայց, դե, հուսանք, որ շուտ կանցնի այս իրավիճակը:
Լենա, արմատներով Էջմիածնից եք, որտեղ և բնակվում եք: Էջմիածինը Հայաստանում կորոնավիրուսային համավարակի այսպես ասած՝ համակենտրոնն է: Երբևիցե այդ առումով լրացուցիչ տարակուսանք չի՞ առաջացել Ձեզ մոտ՝ բնակավայրի հետ կապված:
Իհարկե ոչ: Ես այդ օրերին Ֆրանսիայում եմ եղել և ինձ ոչինչ չի եղել, քանի որ միշտ հիգիենան պահում եմ ու պաշտպանվում դիմակի ու ձեռնոցի միջոցով: Փառք Աստծո, ոչինչ չի եղել ու չի էլ լինի:
Ո՞րն է լինելու առաջին քայլը, որն անելու եք կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո:
Գնալու եմ աշխատանքի: Գրկելու եմ ընկերներիս և անցնելու եմ իմ բնականոն ուրախ կյանքին:
Օլյա Շահինյան