տուն Uncategorized Գռդոնչին

Գռդոնչին

264
0

Հաճախ եմ Դավիթաշեն գնում ընկերոջս տուն։ Ու սովորաբար տաքսիով. մարդաշատ երթուղայինների անհարմարությունը նյարդերիս վրա է ազդում։

…Երեկ, աշխատանքից հետո, խմբագրությունից դուրս եկա, քայլեցի մինչև «Տաշիր» առևտրի կենտրոն ու տաքսի նստեցի։ «Դավիթաշեն ենք գնում՝ Եղվարդի խճուղիով»,- ասացի։ Հենց սկզբից վարորդն ինձ տարօրինակ թվաց։ Նախ հարցրեց, թե Եղվարդն անցնելո՞ւ ենք, հետո էլ` ինչքան փողոց գիտեր` մտավ, արդարանալով, թե շուտ տեղ կհասնենք։ Մտածեցի` լավ չի հասկացել ուր պիտի տանի։ Նորից հիշեցրի Դավիթաշենն ու հատկապես Եղվարդի խճուղին։ Վարորդը գլխով արեց՝ հասկացել էր ուր ենք գնում։ Ոլոր-մոլոր ճամփեքով, խցանումներով մի կերպ տեղ հասանք։ Բայց ասեմ, որ երթուղայինով ավելի շուտ կհասնեի։ Սովորականի պես դրամապանակիցս հազար երկու հարյուր դրամը դրեցի, պատրաստվում էի մեքենայի դուռը բացել, մեկ էլ լսվեց վարորդի բամբ ձայնը. «Ախպե´ր, էս ի՞նչ ես տալիս, հազար ութ ա բռնել»։ Անակնկալի եկա։ Ինչ հազար ութ հարյուր։ Շաբաթը երկու անգամ նույն երթուղիով գնում-գալիս եմ, պատահել է անգամ հազար դրամով։ Հոգնած, վիճելու հավես չունեի, երկու հազար դրամը դրեցի մեքենայի նստատեղին ու վարորդին խոստացա՝ իր մասին բոլորին պատմել. այսպիսի «գռդոնչիները» լիքն են քաղաքում։ Թե փող է պետք`խնդրեք։ Շատ մեծ ցանկության դեպքում գուցե տանք։ Դիմացինին մի փորձեք խաբել։ Ինչ իմանաք, թե հաջորդ ուղևորն ով կլինի։ Մեկ էլ տեսաք, թարս բան ստացվի, ու ձեր մեքենան տաքարյուն մեկը նստի։ Խորհուրդ կտամ՝ ուշադիր լինեք, որ պատահաբար փորձանքի չգաք։

Հայկ Մագոյան