Անվանի մասնագետ Գուս Հիդինկը երկու տարվա պայմանագիր է ստորագրել Նիդերլանդների ֆուտբոլի թագավորական միության հետ և առաջիկայում կգլխավորի նարնջագույնների հավաքականը:
Voetbal International պարբերականը տեղեկացնում է, որ Հիդինկն այդ պաշտոնը կստանձնի Մունդիալ 2014-ից հետո, երբ կլրանա Լուի վան Գաալի պայմանագիրը: Հոլանդացին ազգային հավաքականի հետ կաշխատի մինչև Եվրո 2016-ի ավարտը: Այս աշխատանքում նրա օգնելու են Դանի Բլինդը և Ռու վան Նիստելրոյը: Հավաքականի հետ պայմանագիրը լրանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի Բլինդը:
Տեղեկացնենք նաև, որ Հիդինկի հետ հավաքականում աշխատելու հրավերից հրաժարվել է անվանի պաշտպան Յապ Ստամը: