տուն Տնտեսական Գործարարների 38%-ը բացասական, 22%-ը՝ դրական է գնահատել վերջին տարիների հարկային փոփոխությունները

Գործարարների 38%-ը բացասական, 22%-ը՝ դրական է գնահատել վերջին տարիների հարկային փոփոխությունները

128
0

հարկային բարեփոխումների ծրագիր

Հայաստանի գործարարների 15%-ը հարկային օրենսդրության և վարչարարության բարելավմանն ուղղված կառավարության վերջին տարիների միջոցառումների ազդեցությունը բիզնես գործունեության և միջավայրի վրա շատ բացասական է գնահատել, իսկ 23%-ը՝ բացասական: Սա երևում է այսօր Երևանում ներկայացված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) կողմից իրականացրած «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտությունից: ՀՌԿԿ-ն հետազոտությունն իրականացրել է 2013-ի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ ընդգրկելով 1448 տնային տնտեսության և 400 հարկ վճարող կազմակերպության և անհատ ձեռնարկատերերի:

Հարկային փոփոխությունների ազդեցությունը ոչ դրական, ոչ էլ բացասական է գնահատել («առանձնապես ազդեցություն չի ունեցել») հարցվածների 34%-ը, դրական է գնահատել 21%-ը, իսկ շատ դրական՝ 1%-ը: 6%-ը «չգիտեմ» պատասխանն է տվել:

«Ի՞նչը պետք է լինի հարկային մարմնի հիմնական նպատակը» հարցի վերաբերյալ պատասխաններում ընդգծված են եղել վստահության ակնկալիքները, ինչպես նաև մեծ ցանկությունը, որ հարկային ծառայողները հարգանքով վերաբերվեն ժողովրդին՝ հանդես գալով որպես օրինակելի պետական ծառայող:

Ամեն չորրորդ հարցվողը պատրաստակամություն է հայտնել ավելի շատ հարկ վճարելու, եթե հարկային համակարգը ավելի վստահելի լինի:

Հարկայինի դերի գործառնական նպատակների շարքում հարցվածների 33.5 տոկոսը նշել են, որ հարկային մարմնի նպատակ սահմանվի հարկերի հավաքագրումը՝ հաշվի առնելով հարկատուի վճարունակ լինելը: «Օգնել հարկ վճարողներին՝ օրենսդրությանը համապատասխան վճարել հարկեր» տարբերակը արժանացել է հարցվածների 18.6 տոկոսի հավանությանը:

Հարցվածների կարծիքով հարկերը թաքցնելու պրակտիկան բավական տարածված է: Այդուհանդերձ, իրականում հարկերից խուսափելն ավելի ցածր են գնահատվել, քան այն արդարացված համարելը: Հնարավորության դեպքում հարկերից խույս տալն արդարացված համարելը, մեկից մինչև տասը գնահատման սանդղակում հավաքել է 7.8 միավոր, իսկ իրականում հարկերը թաքցնելը՝ 6.6 միավոր: