Կառավարության վաղվա նիստում փոփոխություններ են արվելու «Հարկերի մասին» ՀՀ օրենքում, որով կկարգավորվի հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման կարգը:
«Ներկայումս բացակայում է Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքը վերացնելու հստակ, ըստ քայլերի հաջորդականության կարգը, որն առաջացնում է լրացուցիչ վարչարարության անհրաժեշտություն և անորոշություն գործարարների համար: Ընթացակարգի անկատարելության արդյունքում գործնականում արգելադրվում են գործարարների բանկային հաշիվներին առկա ամբողջ դրամական միջոցները, առանց հաշվի առնելու պարտավորության չափը, ինչը առաջացնում է խոչընդոտներ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար:
Սույն որոշման նախագծի ընդունմամբ հստակ կկարգավորվի հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման կարգը` հարկային պարտավորությանը համաչափ, հարկ վճարողի այլ գույքի արգելադրման կարգը, ինչպես նաև արգելադրված գույքը արգելանքից հանելու կարգը»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: