Կառավարությունը զբաղվածության ոլորտում իրականացնում է 13 ծրագիր, որոնցից միայն մեկն էր գործազրկության նպաստը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ գործազրկության նպաստը չէր ծառայում իր նպատակին, քանի որ այն ստացողների միայն 6 տոկոսն էր հետագայում աշխատանքի տեղավորվում: Գործազրկության բնագավառում իրականացվող բոլոր ծրագրերով աշխատանքի տեղավորման գործակիցը 10.5 է, այսինքն` գործազրկության ծրագրերում ընդգրկված 100 շահառուից 10-ն են միայն աշխատանքի անցել: Այժմ կառավարությունը նպատակ է դրել ավելացնել այդ գործակիցը, այդ պատճառով էլ քիչ արդյունավետ ծրագրերից միջոցները տեղափոխվում են առավել արդյունավետ ծրագրեր:
Միայն այս տարի, նախարարի խոսքով, 2000 նպաստառու զրկվել է նպաստից, քանի որ հրաժարվել է զբաղվածության պետական ծառայության առաջարկած աշխատատեղերին ծանոթանալուց: Այժմ, ըստ նախարարի, այդ գումարները կուղղվեն այլ` ավելի արդյունավետ ծրագրերի իրականացմանը: