Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, այսպես կոչված՝ «զոներում» երեկվանից անհանգիստ է: Տարբեր քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգություններ են սկսվել, գողականների ասած՝ «բունտեր»:
Այս հոդվածում կխոսենք գողականների «բունտերի», դրանց պատճառների, հետևանքների և այն մասին, թե ինչպես կարելի է պայքարել նման դրսևորումների դեմ:
Սկսենք նրանից, որ գաղութներում մթնոլորտը, մեղմ ասած, բարձիթողի վիճակում է: Բանտերը կառավարում են ոչ թե պետերն ու ռեժիմային և օպերատիվ մասի աշխատակիցները, այլ հակառակը՝ բանտերը ղեկավարում են այսպես կոչված «օրենքով գողերն» ու նրանց նշանակած «զոն նայողները»:
Հայաստանի Կառավարությունը որոշում է ընդունել քրեականացնել և պատժել բոլոր նրանց, ովքեր իրենց կհամարեն «օրենքով գող», «աֆտարիտետ» և այլն: Այսինքն՝ եթե ոմն քրեականի ձերբակալեն և տանեն բաժին, հարցնեն՝ «դու օրենքով գող ես», իսկ նա պատասխանի ԱՅՈ, ապա նրան սպասում են քրեական պատիժ և բանտ: Գողականները բանտը համարում են իրենց տունը, սակայն դարը փոխվել է, փոխվել են բարքերը, և հիմա ոչ մի «օրենքով գող» չի ցանկանում հայտնվել բանտում, որովհետև, այսպես կոչված, օրենքով գողերը դրսում վայելում են իրենց կյանքն ու այն գումարները, որոնք բանտերից փոխանցվում են իրենց:
Բանտերում գործում է բուրգային համակարգ: Կալանավորված և դատապարտված բանտարկյալները պարտավոր են «գրեֆ» ուղարկել «տուպիկ», այսպես կոչված՝ մասնաբաժին գողերին: Ընդհանուր Հայաստանում հաշվվում է 10-ից ավելի «օրենքով գող», և այդ գումարները, որոնք հավաքվում են բանտերում, վերջնարդյունքում հասնում են այդ տասը և ավելի գողերին, որոնք էլ դրսում վայելում են իրենց կյանքն ու ապրում դղյակներում:
Օրենքի այս նախագիծը, բնականաբար, այդ խավի սրտով չէ, որովհետև նրանք վաղ թե ուշ հայտնվելու են բանտերում, և ո՞ւմ են պետք այդ գումարները, որոնք նրանք ստանալու են «հարիֆների» կողմից:
Բանտերում գործում է ոչ միայն «տուպիկ» գրեֆ ուղարկելու ինստիտուտը, այլ նաև ղումարը: Եթե երկու դատապարտյալ իրար հետ ղումար են խաղում, ապա հաղթող կողմը պարտավոր է շահած գումարի 50 տոկոսն ուղարկել գողական «օբշյակ»:
Եվ ահա, Փաշինյանը եկել և ասում է, որ քրեականները, որոնք դրսում նստած կարողանում են հանցագործություններ ստեղծել և չպատժվել, պետք է գնան ու բանտարկվեն: Սկսվել է մաքրման պրոցես: Տարիներ շարունակ Հայաստանը գողական մենթալիտետի ազդեցության տակ պահելուց հետո նոր իշխանությունը մաքրում է հասարակությունը գողականից:
Հարցեր են առաջանում. ինչպե՛ս պայքարել, որ առաջին անգամ բանտ ընկնող մարդը չընկնի գողական ազդեցության տակ:
Պատասխանը պարզ է. պետությունը պետք է մեր գաղութների հենքի վրա ստեղծի առնվազն մի քանի աշխատանքային գաղութներ: Բոլոր այն կալանավորված և դատապարտյալ քաղաքացիներին, որոնք կցանկանան թեկուզ քիչ աշխատավարձով աշխատել, տալիս է որոշակի արտոնություններ: Այսպես, եթե դատապարտյալ Աբգարյանը հոժարակամ գնում է և աշխատում բանտ-մասնավոր համագործակցությամբ ստեղծված գաղութային արտադրության մեջ (գաղութներում կարելի է կազմակերպել տարատեսակ արտադրություններ՝ կոշիկից սկսած, ծխախոտով վերջացրած), ապա նրան պետությունը կտա որոշակի արտոնություններ, որը չի տա աշխատանքից հրաժարվող դատապարտյալ Գևորգյանին: Ի տարբերություն Գևորգյանի, Աբգարյանը կունենա աշխատավարձ, շաբաթը մեկ անգամ տուն գնալու հնարավորություն, հեռախոս ունենալու հնարավորություն և, որ ամենակարևորն է, պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն: Այստեսակ խրախուսանքներով ոչ մի բանական դատապարտյալ ինքն իրեն չի գցի գողականների ճիրանն ու իր պատիժն ավարտելուց հետո կունենա սերտիֆիկատ, որ ինքն աշխատել է ազատազրկման վայրում:
Որտե՞ղ իրականացնել այդ բարեփոխումները. «Կոշ», «Սևան» և «Արթիկ» ՔԿՀ-ները այս պահին ունեն հին արտադրական հսկա տարածքներ, որոնք ոչնչի չեն ծառայում: Հենց այս ՔԿՀ-ներից էլ կարելի է սկսել: Մաքրել ՔԿՀ-ները գողականներից և բերել այստեղ աշխատավոր դատապարտյալներին:
Ե՞րբ պետք է իրականացնել այդ բարեփոխումները. այս ամենը պետք է իրականացվեր երեկ: Սա կնշանակի, որ բարեփոխումներ այս համակարգում պետք է իրականացվեն անհապաղ: Հակառակ պարագայում ո՛չ Փաշինյանը, ո՛չ գաղութների վարչության պետերը, ո՛չ նախարարները ոչինչ անել չեն կարող:
Մարդկանց հետ պետք է խոսել, խրախուսել և տալ հնարավորություն, ինչը, ի տարբերություն պետության, անում են գողականները: Գողականները դատապարտյալներին տալիս են հեռախոս, թողնում են ազատ և իրենք են տեր կանգնում այդ մարդկանց՝ օգտագործելով իրենց հեղինակությունը, այդ ամենի դիմաց սովորական դատապարտյալները ոչ ավել, ոչ պակաս «մուծվում» են «օբշյակներին»: