Էներգակիրների սակագների աճը մոտ 3% գնաճ է առաջացրել: Սա երևում է Կենտրոնական բանկի` օրերս հրապարակած դրամավարկային քաղաքականության 4-րդ եռամսյակի ծրագրից: Երրորդ եռամսյակի 12-ամսյա ընդհանուր գնաճը կազմել է 8.2%, և եթե չլիներ էներգակիրների սակագների աճը, գնաճը կլիներ 5.2%:
Կենտրոնական բանկը, այնուամենայնիվ, կարծում է, որ եկող տարվա` 2014 թ. ընթացքում գնաճը աստիճանաբար կնվազի և կվերադառնա նպատակային միջակայք: Ընդ որում, ըստ ԿԲ-ի, գնաճի նվազումը տեղի է ունենում ավելի արագ, քան կանխատեսված էր, քանի որ տնտեսական աճն էլ կանխատեսվածից ավելի դանդաղ է:
«Արդյունքում, հիմնականում ներքին պահանջարկի` նախատեսվածից ավելի թուլացման և Կենտրոնական բանկի գործողությունների հետևանքով չորրորդ եռամսյակի սկզբին ձևավորվել է ցածր գնաճային միջավայր, որի ներքո գնաճը հետագայում նույնպես ավելի արագ կնվազի, քան կանխատեսվում էր: Ըստ ԿԲ կանխատեսումների` գնաճը 2013 թ. վերջին կնվազի մինչև տ/տ 6.5 — 7.0% և կշարունակի նվազել նաև 2014 թ. առաջին կեսին` վերադառնալով նպատակային մակարդակ»,- ասվում է դրամավարկային քաղաքականության 2013 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում:
Նվազման միտում գնաճը իսկապես դրսևորեց այս տարվա չորրորդ եռամսյակի առաջին ամսում` հոկտեմբերին: Այդ ամսվա գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմեց 7.1%: Այս տեսակետից ԿԲ կանխատեսումները կարծես թե իրականանում են, եթե, իհարկե, հավատանք վիճակագրական տվյալներին:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այստեղ վիճակն իսկապես այնքան էլ բարենպաստ չէ: Նախորդ` երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում նախատեսվում էր, որ տնտեսական աճը այս տարի կլինի 4.7%-ի և 5.3%-ի միջակայքում: Պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված է 6.2% տնտեսական աճ: Տնտեսական ակտիվությունը, սակայն, երրորդ եռամսյակում բավական ցածր էր` 2-3 տոկոսի շրջակայքում, այդ պատճառով ԿԲ-ն չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում էականորեն նվազեցրեց տարվա վերջի տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը: Ըստ այդմ` այն կլինի 3.4%-3.8%-ի շրջակայքում: Դա ավելի քիչ է, քան եկող տարվա բյուջեում այս տարվա համար կառավարության սպասած ցուցանիշը (4.1%-ը):
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, գների աճը Հայաստանում առաջիկա ամիսներին կկայունանա, երբ տնտեսությունը դուրս գա էներգակիրների սակագների աճի ազդեցությունից: Մինչդեռ տնտեսական ակտիվության և ՀՆԱ աճի հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն:
Հայկ Մանուկյան