Այս տարվա սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ (տասներկուամսյա գնաճ) սպառողական ապրանքների գներն աճել են 8.2%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ամենաշատը աճել են ծառայությունների սակագները` 10.9%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները աճել են 8%-ով, իսկ ոչ պարենայիններինը` 3.4%-ով:
Եթե համեմատում ենք այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, գնաճը ստացվում է 5.6%:
Սակայն Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից թիրախավորվում է տասներկուամսյա գնաճը: Դրա վերին շեմը չպետք է գերազանցի 5.5%-ը: Այսինքն` սեպտեմբերին տասներկուամսյա գնաճը գերազանցել է թույլատրելի սահմանը 2.7 տոկոսային կետով (8.2-5.5=2.7%):