տուն Հասարակություն Գյումրիում ճանապարհային ոստիկանի եւ վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

Գյումրիում ճանապարհային ոստիկանի եւ վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

347
0

Դեկտեմբերի 27-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում հարապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանի եւ խախտում կատարած վարորդի միջեւ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել եւ վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձեւացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ տղամարդուն հիվանդանոց է հասցրել օգնության հասած որդին։ Բուժհաստատությունում տղամարդը մահացել է։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում 63-ամյա տղամարդը տաքսի ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթեւեկելի մասով։ Տեղում ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են տրանսպորտային միջոցը։ Վարորդը փորձել է թույլ չտալ, որ նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեն։

Արձանագրությունը կազմվել է, սակայն վարորդը հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ ու նստել է իր մեքենան։ Այդ ընթացքում վարորդը չի բողոքել ինքնազգացողության վատացումից։ Այնուհետեւ ճանապարհային ոստիկաններին է մոտեցել ուղեւորը եւ հայտնել, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանն անմիջապես ռադիոկապով եւ անձնական հեռախոսով զանգահարել է «շտապօգնություն»։

Ընդ որում, «շտապօգնության» կայանում արձանագրվել է ճանապարհային ոստիկանից ստացված երկու, իսկ ճանապարհային ոստիկանության հերթապահ մասից ստացված երեք զանգ։ Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հենց ճանապարհային ոստիկանի զանգով ժամանած «շտապօգնության» մեքենայով։