ԳԱԼԱ-ն մի քանի օր առաջ հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց: Նրանք միկրոավտոբուսներով շուրջ 50 հոգի եկել էին Գյումրի՝ բողոքելու, իրենց խոսքերով ասած, գյուղում տիրող անարդարությունների ու ստորաքարշ բարքերի համար: Սառնաղբյուրցիները պահանջում են ազատ արձակել երկու ամիս առաջ կալանավորված համագյուղացի Նվեր Նիկոյանին, ով Արցախյան պատերազմի մասնակից է, Շուշիի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ երկու անգամ վիրավորված ազատամարտիկ: Սառնաղբյուրցիների խոսքերով՝ Մարալիկի ոստիկանությունը «կեղծ գործ է սարքել» եւ թմրանյութերի օգտագործման կասկածանքով ձերբակալել են ազատամարտիկին:
Երեկ էլ սառնաղբյուրցիները բողոքի ցույց են կազմակերպել Սառնաղբյուրի գյուղապետարանի մոտ՝ պահանջելով իրենց համագյուղացի, գյուղից ընտրված պատգամավոր Մ. Պետոյանին: Պատգամավորի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց ծրագիրը:
«Մենք ասացինք, որ այնպես չանեն, որ ամբողջ ազգի, էս ղեկավարության Նոր տարին սեւ անենք իրանց գլխներին: Գյուղովի՝ կանանցով, երեխեքով, ամսի մեկով կելնենք կեթանք կփաթթենք նախագահականի բոլորը, մենք գյուղով հրաժարվել ենք, Նոր տարի չենք անում, մեր Նոր տարին բանտում է»,- պատմեցին սառնաղբյուրցիները:
Համագյուղացիների պատմելով՝ Նվեր Նիկոյանը «հերոս տղա է, տարբեր շքանշաններ ու պատվոգրեր ունի, այսօր տարել փակել են ու դա արել են նրա համար, որ փող պոկեն, որովհետեւ գիտեն, որ իրանք աշխատող ժողովուրդ են եւ գումար ունեն»:
Սառնաղբյուրցիներին լսել են ՇՄ դատախազը եւ ՇՄ ոստիկանապետ Կ. Բաբակեխյանը: