Գերմանիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատների միության պատգամավոր Կարին Շտրենցին, հայտնում է 1in.am-ը` հղում կատարելով Deutsche Welle-ին:
Նախորդ տարի Բունդեսթագը տուգանել էր Շտրենցին 20 հազար եվրոյով: Նրան մեղադրում են 22 հազար եվրո կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու մեջ։
Պատգամավորի նկատմամբ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել նրան պատկանող 16 տարբեր օբյեկտներում:
Այս գործով անցնում է նաև բավարական Քրիստոնեա-դեմոկրատների միության նախկին պատգամավոր, ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Դատախազության տվյալներով, Լինտերը 2008-2016 թվականներին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ 4 միլիոն եվրո։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի որոշ անդամների, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ արտահայտվեին երկրում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներին:
Այս գործում կա ևս մեկ կասկածյալ, որի անունը նախաքննությունը դեռ չի բացահայտում։ Նրան մեղադրում են կեղծ ընկերություններ հիմնադրելու և իր փաստաբանական գրասենյակի բանկային հաշիվների միջոցով ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար Ադրբեջանից դրամական միջոցներ ստանալու մեջ։