«Նա կարծես Ֆանտոմասը լինի»,- ասաց Չեխիայի հայ համայնքի անդամ մեր ընկերը, երբ հարցրինք, թե արդյոք ճանաչում է Շանթ Ալեքսանյան անունով մարդու: Պատասխանը զարմացնող էր. պարզվեց, որ համայնքում շատերը լսել են նրա մասին, գիտեն, որ մեծ բիզնեսներ ունի Չեխիայում, այդ թվում՝ խաղատուն չեխ-գերմանական սահմանի մոտ գտնվող Ժելեզնա Ռուդա քաղաքում, սակայն անձամբ չեն տեսել ու դեմքով չեն ճանաչում նրան, բացի դրանից՝ Ալեքսանյանի ընտանիքը համայնքի հետ կապ չի պահում:
Փոխարենը երբ 2010-ի մարտի 26-ին Չեխիայի փոխվարչապետ, այն ժամանակվա պաշտպանության նախարար Մարտին Բարտակը ժամանել էր Հայաստան ու հանդիպել Սեյրան Օհանյանին եւ Սերժ Սարգսյանին, չեխական պատվիրակության հետ եկած Շանթ Ալեքսանյանը ներկայացել էր իբրեւ հայ համայնքի ներկայացուցիչ, ինչը զայրացրել էր համայնքին: Ըստ մեր աղբյուրի՝ եղբորը պարբերաբար այցելում է գեներալ Ալեքսան Ալեքսանյանը: Մասնավորապես 2015-ի հոկտեմբերի 13-14-ին, երբ պաշտոնական այցով Չեխիա էր մեկնել Ս. Օհանյանի պատվիրակությունը, գեներալը դրա կազմում էր:
Շանթ Ջոնիկի Ալեքսանյանը (ծնվ. 1972 թ., լուսանկարում) ՀՀ քաղաքացի է, գրանցված է Արմավիր քաղաքում, ներկայում ընտանիքով բնակվում է Պրահայում: Նրա հետ հայաստանյան նույն հասցեում են գրանցված մայրը՝ Կիմա Ալեքսանյանը, ինչպես նաեւ եղբայրներից Արայիկը (ծնվ. 1963 թ.) եւ քույրը՝ Նազիկը (ծնվ. 1967 թ.): Ավագ եղբայրը՝ գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը (ծնվ. 1961 թ.), բնակվում է Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Շանթը բիզնեսի մեջ է վաղուց: Հայաստանում նա մի քանի ընկերություններ է հիմնել:
Դրանցից առաջինը, որը զբաղվում է սննդամթերքի մանրածախ առեւտրով, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի, գրանցվել է 1994-ին եւ մինչեւ 2000-ը կոչվում էր «Շանթ» ՍՊԸ, իսկ հետո դարձավ «Շանթ եւ եղբայրներ»: Անվանափոխմանը զուգահեռ փոխվել է նաեւ ընկերության հասցեն՝ Արմավիրից տեղափոխվելով մարզի Նորապատ գյուղ: Հիմնադրել են Շանթն ու հայրը՝ Ջոնիկ Ալեքսանյանը: Այս տարվա մարտին Արմավիրի փոխմարզպետ նշանակված դաշնակցական Գագիկ Գաբրիելյանը, ըստ պաշտոնական կենսագրության, 2000-2002 թթ. իբրեւ տնօրեն աշխատել է այս ընկերությունում, սակայն ռեգիստրում նրա անունը չկա: 2014-ից ընկերության միակ փայատերն ու տնօրենը Շանթի ավագ դուստրն է՝ 20-ամյա Անուշը: Կանոնադրական կապիտալը 16,8 մլն դրամ է, ներկայում ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:
Շ. Ալեքսանյանը 4 երեխա ունի՝ Անուշը, Ջոնը, Կարապետը եւ Ալեքսան: Վերջին երկուսն անչափահաս են, Անուշը հաշվառված է Երեւանում՝ Չարենցի 12 նորակառույց շենքում, որտեղ գրանցվել է նաեւ մայրը՝ Լարիսա Ժորայի Զաքարյանը: Ընդ որում՝ նրանք գրանցված են տարբեր բնակարաններում: Իսկ 19-ամյա Ջոնը հաշվառված է հոր հետ Արմավիրում:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/02/Աջից-ձախ՝-Չարենցի-10-12-14-շենքերը.jpg?resize=640%2C425)