Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը:
Քեն Քիզիի գլուխգործոցն ավելի ճանաչված է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին դասված Միլոշ Ֆորմանի ֆիլմով, որում բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ Մակ Մըրֆիի դերը մարմնավորեց Ջեք Նիկլսոնը:
Հայկական բեմում ՄաքՄըրֆիին մարմնավորում է Արմեն Մարգարյանը։ Բեմադրության և վարկածի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է: Սա, թերևս երևանյան այն բացառիկ ներկայացումներից է, որի համար գրվել է հեղինակային երաժշտություն:
Երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանն է, որի անունն արդեն իսկ ներկայացման հաջողության գրավականներից է: Սա բեմադրիչի և կոմպոզիտորի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումն էր: «Այս անգամ էլ թեման, այսպես ասած իմն էր, և հաճույքով ընդունեցի Արմեն Էլբակյանի առաջարկը: Հատկապես, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է, երկուսս էլ արվեստին մեր յուրահատուկ մոտեցումն ունենք»,-ասում է Գարի Քյոսայանը:
«Երաժշտությունը գրել եմ երեք ամսվա ընթացքում: Ներկայացման առանցքային յուրաքանչյուր դրվագ իր երաժշտական թեման ունի: Կա գլխավոր թեմա, կան օժանդակ թեմաներ։ Երաժշտական ոճը՝ ջազի և դասականի միաձուլումն է։ Սակայն, կարևորն այն է, որ թեմաները առանձին երաժշտական կտորներ չեն, որ կա երաժշտական դրամատուրգիա և երաժշտությունն այս ներկայացման մեջ ևս կոչված է բացահայտելու մարդկային հոգեվիճակները»:
Ներկայացման հադիսատեսներից մեկն «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել. «երբ հատվում են Էլբակյանի և Քյոսայանի մտքերը՝ ծնվում է հանճարեղ գործ»:
Այո, Գարի Քյոսայանի երաժշտությունը հզոր ուժ ունի, այն կարող է կերպար ու միջավայր ստեղծել, առավել ընկալելի դարձնել բեմում ներկայացվող իրադարձության փիլիսոփայությունը՝ տվյալ դեպքում պատմությունն այն մասին, թե ինչպես է մարդ արարածն ընդվզում հիվանդ իրականության դեմ և զոհաբերելով ինքն իրեն՝ փորձում ապրելու հույս ներշնչել նրանց, ովքեր մոլորվել են և փախչում են իրականությունից և, թե ինչ պետք է անի մարդ անհատը, որ ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից։